Արթուր Սաքունց. Ճիշտ կլիներ հրաժարվել «1000 դրամի» գաղափարից
14:24, November 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻշխանությունների կողմից ճիշտ ու խելացի քայլ կլիներ ընդհանրապես հրաժարվել «1000 դրամի» սկզբունքից, ոչ թե խոսել կամավոր ու գրավոր դրանից հրաժարվելու հնարավորության մասին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ խորհրդարանի կողմից այս նախագծի հաստատումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ քննարկվում է կամավորության ներդրման տարբերակը, այսինքն՝ ով չի ցանկանա զոհված ու վիրավոր զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական աջակցության համար ամեն ամիս պարտադիր վճարել 1000 դրամը, կարող է դիմում գրել ու հրաժարվել դրանից: Այս տարբերակի քննարկման մասին հաստատել է նաև Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Սակայն այս նախաձեռնությունը ևս հանրային շրջանակներում դժգոհություն է առաջացրել, քանի որ դիտարկվում է որպես մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու ձև: Արթուր Սաքունցի խոսքով՝ այս մոտեցումն էլ ավելի է խորացնելու դժգոհությունները: «Անունով լինի կամավոր, բայց բովանդակությամբ էլի պարտադիր մեթոդներով նման խնդրի լուծումն ավելի է մեծացնելու դժգոհությունը: Այնպես որ, այնուամենայնիվ, խնդրին լուծում չտվեցին: Թվացյալ նահանջ են կատարել իրենց դիրքերից, բայց իրականում խնդրի լուծման նույն մեթոդն են կիրառում»,- ասաց իրավապաշտպանը:
Սաքունցի խոսքով՝ իշխանությունները հետ կանգնեցին իրենց սկզբնական դիրքորոշումից և որոշեցին նման քայլի գնալ, քանի որ հասկացան՝ պարտադիր նախաձեռնությունը շատ բացասաբար ընկալվեց հանրության կողմից: Երկրորդը, իրավական մասով դա այդպես էլ հիմնավորված չէր: «Դա հարկատեսակ է, անունն ինչ ուզում ես դիր, բայց պետական բյուջե քաղաքացիների կողմից վճարումների ցանկացած տեսակ դա հարկատեսակ է: Եվ այդ առումով իրավական տեսանկյունից բավական լուրջ հարցեր էին առաջանում»,- նշեց նա:
Եթե դիմում գրելու ու հրաժարվելու տարբերակը հաստատվի, իրավապաշտպանի խոսքով, միևնույն է, իշխանություններն այդ հարկատեսակի պարտադիր նորմն ըստ էության թողնում են: Ստացվում է, որ կամավորություն է կիրառվելու ոչ թե վճարելու համար, այլ կամավոր հրաժարվելու հնարավորություն է տրվելու: «Սա բոլորովին նոր մոտեցում է, որի հիմքում, ցավոք, նորից ընկած են հնարավոր շահարկումնեը, նաև որոշ մարդկանց կամքի վրա ճնշումներ գործադրելու տեղ են թողնում: Հանրային ընկալումների շրջանակում կարող են տարբեր դիսկուրսներ ծավալվել, թե հրաժարվողներն արդյոք հայրենասե՞ր են և այլն: Այսինքն՝ սա կարող է շատ էժանագին մեկնաբանությունների ու քննարկումների տեղիք տալ, ինչն ամենևին չի նպաստելու հենց քաղաքացիների ազատ կամքի արտահայտմանը»,- նշեց նա: Միաժամանակ Սաքունցը չի կարծում, թե քաղաքացիները զոհ կգնան այդ էժանագին շահարկումներին: Բայց մյուս կողմից, ճնշումներ կգործադրվեն պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ: «Հայաստանյան իրավիճակում պետական ծառայողները, պետական գերատեսչության աշխատակիցները, որոնք մեծամասամբ գտնվում են պետական պրեսինգնի տակ, ցավոք սրտի, իրենց ազատ ընտրությունը կատարելու հնարավորությունից զրկված են լինելու»,- հավելեց նա: