Խորհուրդ՝ «զոն նայողներին». «Առեք, տվեք, սիրեք, ատեք, բայց հեռու՝ դատապարտյալներից» (տեսանյութ)
12:24, February 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՆուբարաշենի բանտն այլևս փրկել չի լինի։ Ոչ բարեկարգ և խոնավ վիճակում պահվող կալանավորների տանջանքներին վերջ կտրվի միայն մեկ դեպքում. «Փակել Նուբարաշեն հիմնարկը և մարդկանց տեղափոխել Արմավիր ՔԿՀ-ի շենք»,- առաջարկում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
37 տարի առաջ կառուցված շենքի առաջին հարկն անմխիթար վիճակում է։ Կալանավորների մեծ մասն այնտեղից հեռացվեցին, բայց նկուղային հարկում դեռ մարդիկ են պահվում։ Այստեղ 7 օր կարանտին են անցնում նոր բանտարկյալները, պատժախցերը ևս առաջին հարկում են տեղավորված։
Բանտի ծանր պայմանները հանգեցնում են նաև արյունոտ միջադեպերի։ 10 օր առաջ առաջին հարկի իրենց խցերից տարհանվել հրաժարվող կալանավորները դիմեցին ինքնավնասումների՝ տեղափոխվելով հիվանդանոց։ Նրանք պնդում էին, խուցը, որտեղ ուզում էին իրենց վերաբնակեցնել, վատ վիճակում է։ Գործին խառնվեց Օմբուդսմենը, որը կարողացավ կալանավորներին համոզել նոր խուց տեղափոխվել։ Ավելին՝ ՄԻՊ-ը հայտարարեց, որ իրենց խոստացել են բանտարկյալների պայմանները բարելավել։
«Հստակ ժամկետներ չեն նշել, բայց ողջամիտ ժամկետում վերանորոգման ժամկետներն այդտեղ պետք է ավարտվեն։ Այդ հարցը բնականաբար գտնվում է մեր հսկողության ներքո»,- ասում է ՄԻՊ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը։
Խոնավ ու անբարեկարգ խցերը միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ին չեն բնութագրական։ Հայաստանյան գրեթե բոլոր կալանավայրերում խոսք չկա դատապարտյալներին տրվող որակյալ սննդի, բժշկական բավարար ծառայության, իրավական աջակցության մասին։
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկը ոչ միայն մարդուն պահում է անազատության մեջ, դատարանի որոշմամբ այդ խնդիրը լուծելու համար, այլ նաև ինքը ուղղված է մարդու արժանապատվության համակարգային նսեմացմանը»,- ասում է Արթուր Սաքունցը։
Քրեակատարողական հիմնարկների ղեկավարները զերծ են մնում կալանավորների հետ ուղիղ հանդիպումներից։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ գերադասում են ներքին հարցերը լուծել այսպես կոչված զոն նայողների միջոցով։ Ցանկության պարագայում այս մարդկանց էլ կարելի է չեզոքացնել։
«Պետք է դրանց մեկուսացնել մնացած դատապարտյալներից և ազատազրկվածներից։ Թող շփվեն միայն անձնակազմի հետ, տեսնեմ ի՞նչ են շփվում, առեք, տվեք, սիրեք ատեք, բայց մնացած դատապարտյալներից պետք է հեռացնել»,- առաջարկում է Արթուր Սաքունցը։
Խնդիրների բազմազանության պայմաններում տեսանելի չէ արդարադատության նախարարության կարգավորիչ ձեռքը։ ՔԿՀ-ներում իրավիճակի համար պատասխանատու գերատեսչությունը շատ հարցերի ինքը պետք է լուծումներ տա՝ այն չթողնելով միայն ՔԿՎ ղեկավարության վրա։