Չնայած ոստիկանության ներկայացուցչի առարկությանը՝ «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով ևս երեք վկա կհարցաքննվի
11:58, February 20, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն | Ոստիկանություն2017 թ. փետրվարի 14-ին, ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Կ. Զարիկյանի, շարունակվեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը, որով պահանջվել է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկել վերջինիս: Նշենք, որ Սուսաննա Սիմոնյանն էլ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայց է ներկայացրել:
Դատական նիստին ներկա էին Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ավագ իրավախորհրդատու Ռուբեն Եպիսկոպոսյանը, պատասխանող և հակընդդեմ հայցվոր Ս. Սիմոնյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Ապացույցների հետազոտման փուլում շարունակվեց դատավարության կողմերի ներկայացրած և գործում առկա տեսաձայնագրությունների հետազոտումը, ապա հարցաքննվեցին գործով ներգրավված վկաները:
Նախ հարցաքննվեց պատասխանող և հակընդդեմ հայցվոր կողմի միջնորդությամբ ներգրավված վկա, հավաքի մասնակից Անուշ Կարապետյանը, որն իր ցուցմունքում նշեց, որ ինքը նույնպես ձերբակալվել է և նույն ավտոմեքենայով Ս. Սիմոնյանի հետ տեղափոխվել ոստիկանության բաժին, իսկ ոստիկանության ավտոմեքենայի դիմաց պառկելուց հետո Ս. Սիմոնյանին ոստիկանության ավտոմեքենա տեղափոխել են մոտ երեսուն րոպե անց: Ձերբակալումը կատարվել է ֆիզիկական ուժի գործադրմամբ, ավտոմեքենայում ոստիկանության աշխատակիցները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, ավտոմեքենայից իջեցնելիս նրանցից մեկը նույնիսկ փորձել է հարվածել Ս. Սիմոնյանին:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին նաև ՀՀ Ոստիկանության երեք աշխատակից: ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ոստիկան Արտաշես Կոստանյանը ոստիկանության ներկայացուցչի հարցերին ի պատասխան նշեց, որ Ս. Սիմոնյանի նկատմամբ վարչական ձերբակալում է իրականացրել իր օրինական պահանջը չկատարելու համար, իսկ ոստիկանության ավտոմեքենա նստելու ժամանակ վերջինս հայհոյանքներ է տվել իր հասցեին և թքել է իր դեմքին: Ըստ ոստիկանի ցուցմունքի՝ ավտոմեքենայում ոստիկանների կողմից հայհոյանքներ չեն հնչեցվել, եղել են քաղաքավարի, կոռեկտ:
Պատասխանողի ներկայացուցչի հարցերին ի պատասխան վկան նշեց, որ Ս. Սիմոնյանին մոտեցել է ծառայության ավագը, հորդորել է կոռեկտ պահել, սակայն, պահանջ ներկայացնելը նա չի տեսել, քանի որ հեռու է գտնվել: Հիշում է, որ իր գալուց հետո Ս. Սիմոնյանը կանգնած է եղել փողոցի մեջտեղում, չի շարժվել, խնդրել են, որ ազատի երթևեկելի գոտին, իսկ այնուհետև վարչական ձերբակալում են իրականացրել: Վկային որոշ հարցեր ուղղեց նաև դատարանը:
ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ոստիկան Արթուր Պողոսյանը ևս համանման ցուցմունք տվեց, ապա կողմերի հարցերին ի պատասխան՝ նշեց, որ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ ինքն անձամբ է Ս. Սիմոնյանին տեղափոխել դեպի ոստիկանության ավտոմեքենա և եղել է ՊՊԾ համազգեստով: Վարչական ձերբակալումը կատարվել է վարչական իրավախախտում կատարելու հիմքով: Մինչ այդ Ս. Սիմոնյանը հանգիստ կանգնած է եղել: Վկայի պնդմամբ՝ ոչ ոստիկանների, ոչ էլ Ս. Սիմոնյանի կողմից վիրավորական արտահայտություններ չեն եղել:
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկան Արմեն Բալոյանը, որը եղել է Ս. Սիմոնյանին տեղափոխող ավտոմեքենայում, նշեց, որ հայհոյանքներ են հնչել Ս. Սիմոնյանի կողմից միայն, իսկ տեսանկարահանման մասին տեղեկացրել են նրան: Դատարանի հարցերին ի պատասխան՝ հայտնեց, որ Ս. Սիմոնյանը ոստիկանական մեքենա տեղափոխելիս դիմադրել է, դժգոհել և այդ պահին զգացվել է, որ իրենից անկախ է թքել ոստիկանության աշխատակցի վրա:
Լրացուցիչ միջնորդություններ ներկայացնելու վերաբերյալ դատարանի հարցին ի պատասխան՝ Ս. Սիմոնյանի ներկայացուցիչը պնդեց նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունը՝ հավաքի ևս երեք մասնակցի հարցաքննելու վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչը առարկեց դրա դեմ, սակայն դատարանն անհրաժեշտ համարեց որպես վկա ներգրավել նաև վերոնշյալ անձանց:
Դատական նիստը հետաձգվեց մինչև 2017 թ. մարտի 14-ը՝ ժամը 15:40-ը: