Ցուցարարին վարչական պատասխանատվության ենթարկելու դատարանի որոշումը կբողոքարկվի
19:10, February 17, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ոստիկանություն2017 թ. փետրվարի 17-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքումյանի, հրապարակվեց «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Արմեն Միքայելյանի գործով դատարանի որոշումը»:
Դատարանը, քննության առնելով Ա. Միքայելյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով վարչական պատասխանատվության ենթարկելու հայցը, որոշեց այն բավարարել՝ Ա. Միքայելյանին ենթարկելով վարչական պատասխանատվության՝ 100.000 ՀՀ դրամի չափով տուգանքով:
Կայացված որոշմամբ ՀՀ Վարչական դատարանը գտել է, որ նշված իրավախախտումները փոխկապակցված են այն իմաստով, որ հայցվորի կողմից վկայակոչվել է հավաքի բնականոն ընթացքը չխոչընդոտելու պարտականության չկատարումը, իսկ հաջորդ իրավախախտումը եղել է հավաքի բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության պահանջի չկատարումը: Այսինքն՝ այն հանգամանքը, որ պահանջվել է պահպանել հավաքի բնականոն ընթացքը, իր մեջ ներառում է նաև հավաքի բնականոն ընթացքի խախտման հանգամանքը: Ըստ դատարանի՝ հավաքի բնականոն ընթացքը խախտվում է հավաքի մասնակիցների կողմից հակաօրինական վարքագիծ դրսևորելով, որոնք, ի թիվս այլնի, նաև խախտում են այլ անձանց իրավունքները և հասարակական կարգը:
Արմեն Միքայելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը Վարչական դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի:
Հիշեցնենք, որ Ա. Միքայելյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Այնուհետև, հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: