Բարձրացել է քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կամայականությունների մակարդակը
10:03, February 23, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն, Քննարկումներ2017 թ. փետրվարի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպել էր քննարկում «Մարդու իրավունքների խախտումների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում 2016 թ.-ին» թեմայով:
Քննարկմանը հրավիրված էին իրավասու պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, հիմնադրամների և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով քննարկման նպատակը: Նա նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների խախտումների վիճակը ուսումնասիրել է տարբեր գործիքներով՝ իրավապահ մարմինների կամայակության և վստահության համաթվի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներով ներկայացված փաստերի վերլուծության և Կազմակերպություն դիմած քաղաքացիների ներկայացրած բողոքների տվյալների միջոցով: Ապա ընդգծեց՝ մենք արձանգրում ենք փաստեր, որոնց վերլուծության հիման վրա ներկայացնում ենք մեր մտահգություններն ու պահանջները՝ ուղղված ոստիկանությանն ու իշխանություններին:
ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերի վերաբերյալ ուսումնասիրությունը ներկայացրեց սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը: Հետազոտությունը ՀՀ ողջ տարածքում իրականցվել է արդեն երկրորդ անգամ: Ներկայացվեց 2015 և 2016 թթ.-ի համեմատական վերլուծությունը:
Հարցված քաղաքացիների ընկալմամբ իրավապահ մարմինների կամայականության համաթիվը 2015-ի համեմատությամբ 2016-ին նվազել է 7 նիշով:
Ըստ մարզերի առավել մեծ չափով իրավական կամայականության համաթիվը նվազել է (այսինքն՝ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ կամայականություններն աճել են) Լոռու, Արմավիրի և Արարատի մարզերում, և աճել է (ոստիկանական կամայականությունները նվազել են) Սյունիքի և Տավուշի մարզերում:
Ռ. Սարգսյանը ներկայացրեց նաև իրավապահ մարմինների կամայականության տեսակետից առավել խոցելի խմբի ընդհանուր բնութագիրը: Համաձայն 2016թ. իրականացված հետազոտության արդյունքների՝ իրավապահ մարմինների կամայականություններից առավել խոցելի են քաղաքային համայնքներում բնակվող, արական սեռի, 36-60 տարեկան տարիքային խմբի, ետբուհական կրթություն ունեցող, իրենց սոցիալապես անապահով ընկալող խմբի ներկայացուցիչները: 2015թ. արդյունքների համեմատ պատկերը տարբերվում է միայն տարիքային (55 տարեկանից բարձր) և կրթական (թերի բարձրագույն, բարձրագույն և ետբուհական (գիտական աստիճան) բնութագրերով:
2016-ին, փորձագետի գնահատմամբ, ավելացել է իշխանության կողմից քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ոստիկանությունը որպես միջոց կիրառելու վերաբերյալ քաղաքացիների ընկալման մակարդակը:
Ուշագրավ էր նաև իրավապահների կողմից քաղաքացիների նկատմամբ, ըստ սոցիալական ապահովության մակարդակի, խտրական վերաբերմունքի դրսևորումը՝ իրավապահներն իրենց պարտավորություններն առավել պարտաճանաչ են կատարում հասարակության տնտեսապես ապահով հատվածի ներկայացուցիչների նկատմամբ:
Ինչ վերաբերում է ոստիկանության հանդեպ վստահության համաթվին, ապա այն, չնայած նրան, որ գտնվում է դրական տիրույթում, այնուամենայնիվ 2015-ի համեմատությամբ կրկին նվազել է:
Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ոստիկանության կողմից 2016 թ. մարդու իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի օգնական Սառա Ղազարյանը: Համաձայն այդ ուսումնասիրության՝ մարդու իրավունքների խախտումների ընդհանուր թիվը 2016-ին ավելացել է 2015թ.-ի համեմատությամբ: Ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին առավելապես խախտվել են հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները: Ըստ խախտումների քանակի՝ առաջին տասնյակում են շարունակում մնալ տեղաշարժի, արտահայտվելու ազատության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքները: Ներկայացվեց նաև խախտումների թիվը՝ ըստ մարդու իրավունքների տեսակների և դեպքերի, ըստ այդմ՝ 2016-ին խախտվել է մարդու 22 տեսակի իրավունք, 2015-ի՝ 18-ի փոխարեն, իսկ մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած դեպքերի թիվն ավելացել է 10 %-ով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի և Անի Չատինյանի դիտարկմամբ՝ Ոստիկանության անօրինական գործողությունների, ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ Կազմակերպության կողմից 2014-2016 թթ. ներկայացված 40 հանցագործության մասին հաղորդումներից ոչ մեկի արդյունքում չեն բացահայտվել և համարժեք պատժի արժանացել ապօրինություն թույլ տված անձինք: Լավագույն դեպքում կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողության տեսքով:
Նրանք ուշադրություն հրավիրեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ վերջին շրջանում որդեգրած քաղաքականությանը, երբ ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ հաղորդումներն ուղարկվում են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, ինչի արդյունքում համարժեք պատիժ չի նշանակվում:
Քննարկումը եզրափակվեց 2016 թվականին ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման ամփոփ պատկերը ներկայացնող լրագրող Թեհմինե Ենոքյանի կողմից պատրաստված «Անպատիժ ոճիր» վերնագրով տեսազեկույցի ցուցադրմամբ:
Տես նաև՝ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն