Պաշտպանության նախարարության կողմից հայցադիմումի պատասխան է ներկայացվել
17:48, March 3, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱյսօր ՀՀ Վարչական դատարանում ՀՀ Պաշտպանության նախարարությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի շրջանակներում նշանակված էր առաջին դատական նիստը:
Հիշեցնենք՝ Կազմակերպությունը 2016 թ. հոկտեմբերի 12-ի գրությամբ պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունը, սակայն, այն որակել է որպես ՀՀ զինված ուժերի կազմակերպչական կառուցվածքը բացահայտող պետական գաղտնիք և մերժել տեղեկատվության տրամադրումը:
Դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ պատասխանող կողմը հայցադիմումի պատասխան է ներկայացրել, որը հայցվոր կողմը դեռևս չէր ստացել: Եվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության փաստաբան Ս. Սողոմոնյանին հայցադիմումի պատասխանին ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ նիստը նշանակվել է 2017 թ. մայիսի 12-ին՝ ժամը 12:00-ին: