Ոստիկանների վրա քարեր նետելու մեղադրանքով դատապարտված Գագիկ Միքայելյանի վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի
11:15, April 21, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 21-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ազատազրկման դատապարտված Գագիկ Միքայելյանի և վերջինիս պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ արագացված ընթացակարգով դատաքննության կարգով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ. փետրվարի 2-ին երեք տարվա ազատազրկման դատապարտեց Գագիկ Միքայելյանին, Արսեն Մկրտումյանին և Սոսո Մարգարյանին։
Գ. Միքայելյանն ու վերջինիս պաշտպանը արարքը վերաորակելու, արդարացման դատավճիռ կայացնելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին վերաքննիչ բողոք են ներկայացրել: