Իրավապաշտպանի համոզմամբ, անհետացած ռուս զինծառայողի պարագայում ևս խախտվել է միջպետական պայմանագիրը
10:07, April 21, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՇիրակի մարզի դատախազի խոսքով, ռուս զինծառայողի անհետացման փաստով նյութեր են նախապատրաստվել, ուստի՝ փորձաքննության եզրակացությունից հետո միայն պարզ կդառնա՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե ոչ:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովը, որին ապրիլի 16-ից փնտրում էին, երեկ երեկոյան հայ իրավապահների կողմից հայտնաբերվել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասի շենքերից մեկի բակում: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ նա եղել է սթափ վիճակում, առանց տեսանելի մարմնական վնասվածքների:
«Գտնվել է իր համածառայակիցներից մեկի բնակարանում, ընդամենը ցանկացել է մի երկու օր բնակվել այնտեղ: Նրա վրա արտաքինից որևէ տեսանելի մարմնական վնասվածք առկա չի եղել, գտնվել է սթափ վիճակում: Ավելին՝ բացատրությամբ հավելել է, որ իր նկատմամբ որևէ մեկի կողմից սպառնալիքեր, դաժան վերաբերմունք կամ այլ անօրինական գործողություններ չեն կատարվել և՛ բազայի տարածքում, և՛ բազայի տարածքից դուրս»,- ասաց դատախազը:
2 օր շարունակ ռուսական ռազմաբազան իր ուժերով է փնտրել պայմանագրային զինծառայողին, սակայն, անարդյունք: Դրանից հետո միայն զորամասի հրամանատարը դիմել է հայ իրավապահների օգնությանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մատնանշելով դեռ 1997-ին կնքված ու մի քանի անգամ լրամշակված հայ – ռուսական միջպետական պայմանագիրը, ասում է՝ ռուսական կողմը հերթական անգամ խախտել է այն:
«Այն, որ ռուսական կողմն իր զինծառայողի անհետանալու մասին Հայաստանի իրավապահ մարմիններին հայտնում է 2 օր հետո, ուղղակի խախտում է հայ-ռուսական պայմանագրի այն դրույթը, որի համաձայն, նման դեպքերում անհապաղ պետք է տեղեկացնեն իրավապահներին»,- համոզմունք հայտնեց իրավապաշտպանը:
Երեք տարի առաջ Գյումրիում ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանդից հետո ռուսական կողմը դասեր չի քաղել, ասում է Սաքունցը․ «Ցավոք սրտի, ոչ մի հետևություն չեն արել: Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում ընդհանուր իրավիճակը, որը կարող ենք բնութագրել «վասալային», կարող եմ միայն դրանով պայմանավորել․․․ որ ինքը չի դիտարկում Հայաստանը, որպես հավասար կողմ, դրանով պայմանավորված՝ [ռուսական կողմը] ունի արհամարական վերաբերմունք»:
Ռուս զինծառայողի որոնման աշխատանքներում ներգրավված են եղել ոստիկանական մեծաթիվ ուժեր: Երեկ որոնողներին է միացել նաև զինվորական մի ուղղաթիռ, որը մի քանի շրջապտույտ է կատարել քաղաքի, նաև ռազմաբազայի օդային տարածքում: Թեև ի սկզբանե նշվում էր, որ ռուս զինծառայողը զինված չէ ու քաղաքացիական հագուստով է, Սաքունցը տարակուսում է՝ այդ դեպքում նրա որոնողական աշխատանքներն ինչո՞ւ էին այդքան մեծածավալ, հարց է տալիս իրավապաշտպանը: «Եթե նման ռեսուրսներ են ներգրավում որոնողական աշխատանքներում, դա վկայում է այն մասին, որ նա առնվազն զինված է եղել, վտանգի աստիճանը շատ ավելի մեծ է եղել, քան փորձել են ներկայացնել»,- պնդում է նա:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն «Ազատությանը» տեղեկացրեց նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ու քանի որ ռուս զինծառայողի անհետացման փաստով նյութեր են նախապատրաստվել, ուստի, դատախազի խոսքով, փորձաքննության եզրակացությունից հետո միայն պարզ կդառնա՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե ոչ:
Արթուր Սաքունցի պնդմամբ՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման պարտավորություն ունեցող ՀՀ իշխանությունները համարժեք գործողություններ չեն իրականացնում՝ «Հայաստանի իշխանությունը հետամուտ չի միջպետական պայմանագրով սահմանված այն դրույթի ապահովմանը, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքին, առողջությանը և անվտանգությանը: Այսինքն՝ արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունը չի կատարում իր քաղաքացիների առջև ստանձնած պարտականությունը, համարժեք գործողություններ չի իրականացնում՝ ապահովելու, կանխելու վտանգները»:
Գյումրիի ռուսական ռազմաբազայում գրեթե ամեն տարի նման աղմկոտ միջադեպեր են գրանցվում: Վերջին անգամ 8 ամիս առաջ Ոսկեհասկ գյուղի բնակիչներն էին մի ռուս զինծառայողի հայտնաբերել: Վերջինս ասել էր, թե ցանկանում է Թուրքիա գնալ: Ռուսական ռազմաբազայի զինծառայող, ծառայության վայրը լքած Վալերի Պերմյակովն էլ անցած տարի ցմահ ազատազրկման դատապարտվեց՝ գյումրեցի Ավետիսյանների սպանության համար: