Արթուր Սաքունց. Այսքանով սկսվում և ավարտվում է ՀՀ֊ում քաղաքականությունը
16:17, August 8, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ավելի լավ է Սերժ Սարգսյանը, քան Ռոբերտ Քոչարյանը, ավելի լավ է Սերժ Սարգսյանը, քան Հովիկ Աբրահամյանը, ավելի լավ է Սերժ Սարգսյանը, քան Կարեն Կարապետյանը…»
Հետո այսպես շարունակաբար պետք է ենթադրել․ ավելի լավ է Սերժ Սարգսյանը, քան որևէ այլ մեկը․․. Այսքանով սկսվում և ավարտվում է ՀՀ֊ում քաղաքականությունը․ Սերժ Սարգսյանով սկսվում է և ավարտվում է քաղաքական օրակարգը․․.
Ինչպիսի պարզունակ սխեմա է, որը հետևողաբար ու շարունակաբար հրամցվում է հայաստանյան հանրությանը։
Բայց հենց Սերժ Սարգսյանն է իր քաղաքականության արդյունքում հայաստանյան հասարակության մոտ ոչնչացնում պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը,
բայց հենց Սերժ Սարգսյանն է իր քաղաքականության արդյունքում արժեզրկում ինքնին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ հասկացողությունը հայաստանյան հասարակության մոտ,
և հենց Սերժ Սարգսյանի անփոխարինելիության ձևավորման արդյունքում է ձևավորվում անելանելիության, անհուսության զգացումը հայաստանյան հասարակության մոտ, որի հետևանքով մարդիկ գլխապատառ փախչում են Հայաստանի Հանրապետությունից։
Դե իհարկե պետության ոչնչացումը երկրորդական, երրորդական նշանակություն ունի Սերժ Սարգսյանի իշխանության անփոխարինելիության ապահովման համեմատ իբր թե պետության պահպանմամբ, պետության ճակատագրով մտահոգվածների համար, որոնք իրականում նույնականացնելով Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումը Հայաստանի Հանրապետության պահպանման հետ, իսկ ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետության պահպանման խնդիրը փոխարինելով Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման խնդրով, լուծում են միայն մեկ խնդիր՝ սեփական ապահովության խնդիրը։
Մարդու արժանապատվության նկատմամբ որևէ հարգանք չունեցող, որևէ պատասխանատվություն չունեցող, ավելին, մարդու արժանապատվությունը շարունակաբար և զանգվածաբար ոտնահարող բոլոր գործոնները խրախուսող, պահպանող իշխանությունը հանձինս Սերժ Սարգսյանի և իր քրեական խմբավորման, Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնող միակ և գլխավոր գործոնն է։
Այս տարրական, մերկ ու ակնհայտ ճշմարտությունը թաքցնողներն ու աղավաղողներն էլ երկրորդ պատվավոր վտանգավոր գործոններն են։ Ուշքի եկեք․․․»
Արթուր Սաքունց