«Խավարում». Սովետական բռնապետության անմեղ զոհերին նվիրված ցուցահանդեսը վերաբացվեց Վանաձորում. (Ֆոտոշարք)
22:06, November 29, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր «Լոռի» հեռուստաընկերության մեդիա սրահում բացվեց սովետական բռնապետության անմեղ զոհերին նվիրված ցուցահանդես: «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի վերաբացման նախաձեռնությունը պատկանում է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր, նկարչուհի Զարուհի Մուրադյանին:
-Սա մեր պատմության ողբերգական այն կտորն է, որտեղ երեւում է, թե ինչպես բոլշեւիկների դավաճանության պատճառով կործանվեց նոր ստեղծված Հայաստանի հանրապետությունը:
Այս փաստաթղթերը փաստում են ստալինյան բռնաճնշումների մասին: Այս ցուցահանդեսը նախ հարգանքի տուրք է Հովհաննես Թումանյանին եւ իր որդիներին: Սա հարգանքի տուրք է նաեւ մեր մեծերին, որոնք ոչնչացվել են: Նրանցից մեկն է եղել է իմ պապի եղբայրը: Նա գնդակահարվել է, կինը աքսորվել,- իր խոսքում նշեց Զարուհի Մուրադյանը:
Վանաձորում ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ու «Լոռի» հեռուստաընկերությունը:
-Մեր դռները բաց են այն մարդկանց առաջ առջեւ, ում առջեւ մշտապես փակ են լինում: Այսօրվա ցուցահանդեսը յուրօրինակ է, առաջին անգամն է մեր մամուլի ակումբում կազմակերպվում այսօրինակ միջոցառում,- ասաց «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսն առաջին անգամ բացվել էր այս տարվա օգոստոսի 4-ին Երեւանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում: Սակայն, 22 օր անց նախատեսվածից շուտ այն փակվեց:
-Ցուցահանդեսի փակումը հանդիսանում է եւ՛ կարծիքի արտահայտման, եւ՛ ինքնաարտահայտման, եւ՛ ընդհանրապես ստեղծագործության ազատության անհիմն սահմանափակում: Որից հետո բավական լուրջ հանրային քննարկումներ ու տարբեր պատճառաբանություններ եղան: Իհարկե, առավել ցավալի էր, որ մշակույթի փոխնախարարը գտավ, որ ցուցահանդեսը քաղաքականացված է, այնուհետեւ նախարարը գտավ, որ պայմանավորված չէ, եւ այլն: Բայց հանրային շրջանակներում ընդվզումից բացի շատ կարեւոր է քայլ կատարելը, եւ այդ քայլը կատարվեց շնորհիվ այս նախաձեռնության,- ասաց Արթուր Սաքունցը: Նախատեսվում է, որ ցուցահանդեսը կշրջի հանրապետության բոլոր մարզերով:
Տես նաև՝ Երեւանում ՛՛խավարած՛՛ ցուցահանդեսը կրկին առկայծում է. ՛՛Խավարումը՛՛ լույսի երես տեսավ Վանաձորում: