Ինչու է Ֆրանսիայի հասարակական գործիչ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան արգելված
16:31, December 12, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրդեն 15 տարի է՝ Ֆրանսիայի հասարակական գործիչ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան արգելված է: Նրա իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի հայց է ներկայացրել Վարչական դատարան:
Դեկտեմբերի տասնութին այս գործով առաջին նախնական դատական նիստ է նշանակված:
«Անցանկալի անձանց ինստիտուտը հակաժողովրդավարական է, միայն մի դեպքում կարող է հասկանալի լինել մուտքի արգելքը, երբ անձը վերազգային, քրեական հանցագործությունների մեջ ներառված լինի, որը իր քայլերով կարող է վտանգ հանդիսանալ: Այստեղ համակարգային օրենսդրական բաց ունենք, որը չեն ուզում ուղղել: Այնպես չէ, որ օրենք ընդունած անձինք չեն հասկանում, որ այն ոչ համաչափ է, այստեղ խնդիրն այն է, որ այն գործիք է, որը կարող են կամայական կիրառել… գործ ունենք մարդու՝ ըստ հայացքների, ապօրինի հետապնդման հարցի հետ»,- ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն էլ ասաց, որ Վարպետյանի՝ ՀՀ մուտքի արգելքի որոշում չկա. «Ուղղակի ունենք մերժում, որ հիմնավորված է ՝ նրա գործունեությունը վտանգավոր է երկրի անվտանգության համար»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ հավելեց, որ Վարպետյանի իրավունքների վերականգնման ճիշտ ճանապարհն է ընտրված՝ դատական ճանապարհը ու նմանատիպ դեպքերում հասարակությունը եւս պետք է կանգնի այդ մարդկանց կողքին: