«ԱՄՆ դեսպանի ասածի առաջին հասցեատերը իշխանությունն է». Սաքունց
10:34, March 30, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«ԱՄՆ-ի կամ որեւէ այլ ժողովրդավարական պետության կողմից այդ տեսակի հայտարարություն, որ աջակցում են զինված մեթոդով խնդիրների լուծմանը, չի կարող լինել: Չնայած միաժամանակ մենք տեսնում ենք Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ ապստամբներին աջակցության հարցը», – Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերը զինված խմբերին, հատկապես՝ «Սասնա ծռերին» չաջակցելու մասին՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Aysor.am-ին ասել էր՝ «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա Ծռերի» անդամների գործողությունների հետեւանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում»:
Արթուր Սաքունցն ասաց, որ միանշանակ չէ, թե արդյոք ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությանը համարում է ընտրված. «Ես տեքստում չեմ գտնում, որ ինքը համարի, որ ՀՀ-ում իշխանությունները օրինական են կամ ընտրված են: Ես գտնում եմ, որ օրինական չեն: Հայաստանի հատկապես ներկա փուլում, այս խայտառակ սահմանադրական հանրաքվեով ավելին՝ անհիմն եւ պարտադրված սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանն իր անձնական իշխանության վերարտադրությունը ապահովեց: Իսկ դրա մասին ԱՄՆ նախագահ Օբաման ժամանակին արտահայտվել էր ՄԱԿ-ի ամբիոնից՝ ասելով, որ սահմանադրական փոփոխություններով իշխանության շարունակականությունն ապահովելը հանդիսանում է հակաժողովրդավարական: Ավելին՝ օրերս Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց հատուկ փորձագիտական վերլուծություն, որտեղ սահմանադրական փոփոխությամբ իշխանության վերարտադրության հարցը համարվեց հակաժողովրդավարական: Ես չտեսա տեքստում, որ դեսպանը ՀՀ իշխանություններին համարում է ընտրված, եթե համարում է, դա ճիշտ չէ եւ համաձայն չեմ դեսպանի գնահատականի հետ: Իսկ այն, որ իրապես զինված մեթոդով չպետք է լուծվեն հարցերը, ապա դրա առաջին օղակի հասցեատերը հանդիսանում է հենց իշխանությունը, որը 2008-ի Մարտի 1-ին զինված ուժերը իշխանությունն օգտագործեց խաղաղ ցուցարարների դեմ, սպանեց 10 հոգու: Հիշատակելով «Սասնա ծռեր» խմբի անունը՝ որպես զենքի միջոցով խնդիրներ լուծող խմբի, զենքի միջոցով իշխանության գալու առաջին օրինակը ցույց է տվել իշխանությունը»:
Սաքունցը գտնում է, որ Միլսի խոսքերը պետք է ոչ թե բառացի հասկանալ, այլ՝ ողջ էությամբ, իսկ դա, ըստ նրա, տարածվում է առաջին հերթին իշխանության վրա:
Հարցին՝ «Սասնա ծռերին» աջակցողներ կա՞ն, դա ընդամենը նեղ շրջանակ չէ՞՝ Սաքունցը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ պետք է նախ հասկանալ՝ ո՞րն է պատճառը, որ ՀՀ-ում պարբերաբար, մեկ տարվա մեջ առնվազն 3 դեպք արձանագրվում եւ քրգործ է հարուցվում զենքի միջոցով իշխանության դեմ հանդես գալու փաստով: Դա հենց իշխանության կողմից զենքի միջոցով քաղաքական հարցերի լուծման հետեւանք է: Չենք արդարացնում զենքի միջոցով հարցերը լուծելը, բայց այդ օրինակը ձեւավորել է իշխանությունը: Այն, որ հրապարակային մեծ քանակով աջակցություն չի երեւում, դա չի նշանակում, որ այդ աջակցությունը չկա»:
Սաքունցը Նացիստական Գերմանիայի, Հյուսիսային Կորեայի օրինակը բերեց՝ ասելով, որ երբ երկրում այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ զենքի միջոցով են իշխանություն պահում, քաղաքական խնդիրների լուծման դաշտ չեն թողնում, մարդիկ նույն մեթոդով են պայքարում այդպիսի իշխանության դեմ. «Քանի դեռ իշխանությունը ապօրինությամբ, աճպարարությամբ, զենքի սպառնալիքով է պահում իշխանությունը, ինքը որպես հակազդեցություն ունենալու է հենց նույն մեթոդներով ընդվզումներ: Անունը ինչ կլինի՝ «Սասնա ծռեր», «Մսրա Մելիք», «Տիգրան Մեծ», թե «Պողոս առաքյալ», լինելու են նրանք: Այս պահին Միլսի ուղերձը շատ հստակ է՝ քաղաքական խնդիրները զենքի ուժով չի կարելի լուծել, բայց դեսպանը դիվանագետ է: Նա չի կարող ուղղակի նշել, որ իշխանություններն են հենց առաջին հերթին զենքի կիրառմամբ քաղաքական խնդիր լուծել»: Սաքունցը հիշեցրեց՝ բա ինչո՞ւ ԱՄՆ-ն ՀՀ-ին հանեց «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրից ու մինչեւ հիմա չեն վերականգնում. «ՀՀ-ին հեռացրեցին հենց Մարտի 1-ի համար: Եթե դեսպանը այդպիսի գնահատական է տալիս, թվում է, թե պետք է լեգիտիմացնի Սերժ Սարգսյանի իշխանությունը, բայց չի անում, հետեւաբար իր ասածի առաջին հասցեատերը իշխանությունն են: Նա կարող է որպես օրինակ բերի «Սասնա ծռերին», բայց առաջին հասցեատերը իր ասածի ՀՀ իշխանությունն է եւ շատ տեղին է դա ասվում: Եվ այդ արտահայտությամբ փորձել հիմնավորել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը՝ դա աբսուրդ է»: