Դատախազը մեկ ցուցմունքով մեղադրանք է առաջադրել, դատավորն էլ պահում է կալանքի տակ. գյուլագարակցի երիտասարդի հարազատները դրանում դիտավորություն են տեսնում (Տեսանյութ, լուսանկարներ)
17:13, July 24, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. հուլիսի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, հետաձգեց միայն տուժողի ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության քննարկումը:
Միջնորդությունը ներկայացրին պաշտպան Արշակ Մկոյանն ու այս դատական նիստին որպես ամբաստանյալի պաշտպան ներգրավված, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ. Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա. Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել:
Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում:
Անձին մեկ ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը հակասում է ՀՀ Վճռաբեկ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախադեպային որոշումներին:
Երեկ կայացած դատական նիստին Դատարանին կրկին չէր հաջողվել ապահովել վկա Ջեմիկ Մատինյանի ներկայությունը, որը տուժողի մայրն է և արդեն որերորդ անգամ դատարան չի ներկայանում: Նախորդ դատական նիստին դատավոր Սուրեն Բաղդասարյանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, բայց ինչպես պարզվեց, իրավապահ մարմինները չէին կարողացել ապահովել որոշման կատարումը: Դատարանը տեղեկատվություն ուներ, որ վկան վատառողջ է, և առանց դստեր ներկայության՝ նրան դատարան բերել հնարավոր չէ: Իսկ դուստրն էլ Հանրապետությունում չէ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դատարանն առաջարկեց հրապարակել և հետազոտել վկայի նախաքննական ցուցմունքը: Պաշտպանական կողմը չառարկեց՝ նշելով, որ վկայի նախաքննական ցուցմունքում գործի ելքի վրա ազդող կարևոր հանգամանքներ չկան, և նրան դատարանում լսելու անհրաժեշտություն չեն տեսնում, սակայն դրան առարկեց մեղադրող դատախազ Գ. Սաֆարյանին փոխարինած Ա. Պողոսյանը: Նա պարտադիր համարեց վկայի ցուցմունքը լսելը:
Այսքանով դատարանը պատրաստվում էր ավարտել նիստն ու հետաձգել այն՝ առանց պաշտպանական կողմի կարծիքը լսելու:
Պաշտպան Ա. Մկոյանը հայտնեց, որ ամբաստանյալին կալանքից ազատ արձակելու միջնորդություն ունեն: Դրան դատարանը վրդովված արձագանքեց հարցով, թե պատրաստվում են ամեն դատական նիստի կալանքից ազատելու միջնորդությու՞ն ներկայացնել, այդ ի՞նչ հանգամանք է փոխվել, որ ուզում են կրկին միջնորդել:
Պաշտպանն էլ նշեց, որ տուժող կողմի ցուցմունքը լսելուց հետո, հատկապես այն դեպքում, որ վկան էլ դատարան չի ներկայանում, Հովիկ Մատինյանի կողմից տուժող կողմի ու նրանց վկաների վրա ազդելու հնարավորություն չկա: Բացի դրանից՝ դատարանին ներկայացրեց համագյուղացիների ստորագրություններն ի հավաստումն այն բանի, որ Հ. Մատինյանը քննությունից չի խուսափի, ինչպես նաև գյուղապետի տրամադրած տեղեկանքը, որ Հ. Մատինյանը բնակվում է մորեղբոր՝ Գյուլագարակ գյուղում գտնվող տանը:
Դատարանը ներկայացրած փաստաթղթերին ևս քամահրանքով վերաբերեց՝ հարցադրում անելով, թե ինչ իրավական ուժ ունեն այդ փաստաթղթերը, որ ցանկանում են կցել միջնորդությանը:
Այնուամենայնիվ դժվարությամբ, բայց պաշտպանական կողմը ներկայացրեց միջնորդությունը, հիմնավորելով այն հանգամանքը, թե ինչու պետք է փոխվի խափանման միջոցը:
Միջնորդությանը միացավ նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Նա հավելեց, որ Հովիկ Մատինյանի համար իր արդարացումն ավելի բարձր սանդղակի վրա է դրված, քան քրեական հետապնդումից կամ պատասխանատվությունից խուսափելը, քանի որ, իրենց համոզմամբ, նա որևէ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել: Եվ վերահաստատեց Ա. Մկոյանի այն պնդումը, որ Հ. Մատինյանին ավելի քան 8 ամիս անազատության մեջ պահելն արդեն իսկ կրում է պատժիչ բնույթ, ինչը ՀՀ օրենսդրությամբ արգելվում է:
Դատախազ Ա. Պողոսյանը խնդրեց ժամանակ տրամադրել ծանոթանալու և միջնորդության մասին կարծիք հայտնելու:
Դատարանը առանց պաշտպանական կողմի կարծիքը հարցնելու՝ արդեն իսկ բանավոր ձևով ներկայացված միջնորդությանը ծանոթանալու համար դատախազին 17 օր ժամանակ տվեց և հաջորդ դատական նիստը նշանակեց 2018 թ.-ի օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ին:
Դատարանում գործի քննության հենց սկզբից Հ. Մատինյանի շահերը պաշտպանող Ա. Մկոյանը դատախազի ու դատավորի գործողություններում կանխակալ մոտեցում և դատական նիստերը անհարկի հետաձգելու միտում չի տեսնում, բայց և համոզված է, որ միայն տուժողի ցուցմունքով մեղադրանք առաջադրելը չի բխում օրենսդրության պահանջներից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը նշում է, որ գործի նյութերին ծանոթանալով, այնուհետև դատական նիստին մասնակցելով՝ պարզ է դառնում, որ Հ. Մատինյանին դատում են մոտավորապես. առաջադրված մեղադրանքը հիմնված է ոչ ստույգ փաստերի վրա, չկա որևէ հավաստի ապացույց, որը հիմնավորում է մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարելու փաստը:
«Ամիսներ շարունակ անազատության մեջ է պահվում և տպավորությունն այնպիսին է, որ արդարադատությունը, իրավունքներն ու ազատությունները միայն տուժողի համար են նախատեսված: Դատարանն արհամարհական տոնով է արձագանքում պաշտպանական կողմի միջնորդություն ներկայացնելու ցանկությանը, այնուհետև առանց նույն պաշտպանական կողմի կարծիքն իմանալու՝ գործի քննությունը հետաձգում և նշանակում է դատարանին ու դատախազին հարմար օր, ինչն անհարգալից վերաբերմունք եմ համարում պաշտպանական կողմի նկատմամբ, որն, ի տարբերություն դատավարության մյուս մասնակիցների, կարևորում է արդարադատության շահը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանված լինելու հանգամանքը, որի համար մարդը բարձրագույն արժեք է». նշում է Ա. Չատինյանը:
Հովիկ Մատինյանի պապն ու տատն էլ պնդում են, որ թոռանը զրպարտում են և որ ոչ մի ապացույց չկա: Նրանք կարծիք ունեն, որ դատախազն ու քննիչը համագործակցում են թոռանը հանիրավի մեղադրող կնոջ հետ, իսկ դատավորն էլ գործի քննությունը անհարկի է հետաձգում: