Ա. Սաքունց. Ոստիկանության հովանավորությամբ հանցագործություն է տեղի ունեցել
14:28, October 12, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2012 թ. հոկտեմբերի 12-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքում տեղի ունեցած հարձակման գործով հերթական դատական նիստը:
Կազմակերպությունը դատարանից պահանջում է վերացնել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ 2012 թ. ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ կազմակերպության տարածքում տեղի ունեցած հարձակման գործով:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Մարինե Մելքոնյանը, նիստին ներկա էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Թումանյանը, Լոռու մարզի ավագ դատախազ Արթուր Պողոսյանը, Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Օսյանը:
Մոտ երկու ժամ տևած դատական նիստի ընթացքում Արթուր Սաքունցը ներկայացրեց իր բացատրությունները հարձակման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, շեշտը դնելով ժամանակագրական տվյալների վրա: Ինչպես նաև ներկայացվեցին այն բացթողումները, որոնք թույլ են տրվել նախաքննության ընթացքում:
Դատարանը հեռացավ որոշում կայացնելու, իսկ վճիռը կհրապարակվի 2012 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին:
Կից ներկայացվում է՝ Տեղեկություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և նրա աշխատակիցների նկատմամբ 2012 թ. ապրիլի 16-ի հարձակման վերաբերյալ իրավապահ մարմինների գործողությունների մասին: