Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
14:13, May 18, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | Զինված ուժեր, Ոստիկանություն2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում են Ստեփանյանի հարազատների և համագյուղացիների երթը դեպի Երևան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, ժամը 14:10-ին ժամանելով, դեպքի վայրում ականատես են եղել, որ Սևան –Երևան մայրուղու վրա Ստեփանյանի հարազատներին դիմավորել էին ոստիկանական և ռազմական ոստիկանության տասնյակ մեքենաներ, ինչպես նաև բազմաթիվ ոստիկաններ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ ու «կարմիր բերետավորներ»:
Ներկա էին նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը և ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Երկար բանակցությունների արդյունքում Լյուքս Ստեփանյանի հարազատները որոշեցին վերադառնալ գյուղ և որդու դին հողին հանձնել, այնուհետև մեկնել Երևան իրենց բողոքն արտահայտելու:
Ստեփանյանի հայրը, ներողություն հայցելով հավաքված ժողովրդից, խնդրեց, որ հասկանան իրեն, որ ինքն ստիպված է տեղի տալ հանուն իր որդու, բայց իրենք անպայման շարունակելու են պայքարել: Ստեփանյանների ընտանիքի հետ միասին պայքարելու պատրաստակամություն է հայտնել պայքարելու ողջ գյուղը, քանի որ ըստ իրենց սա առաջին դեպքը չէ, որ գյուղից զորակոչված երիտասարդ է մահանում, իսկ մահվան հանգամանքերը չեն բացահայտվել:
Ոստիկանապետի և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ Լյուքս Ստեփանյանի դին վերադարձվեց Վերին Գետաշեն գյուղ՝ հուղարկավորության, այսինքն ըստ էության հորդորների և ճնշումների միջոցով սահմանափակվեց քաղաքացիների տեղաշարժը և դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրանց կթույլատրվի շարունակել բողոքը հուղարկավորությունից հետո:
Դեպքի վայրում գտնվող քաղաքացիների մի մասը մեկնեց Երևան մասնակցելու ՀՀ Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցին, որի ընթացքում նույնպես ներգրավվել են անհամաչափ ուժային կառույցների ներկայացուցիչների սահմանափակվել է քաղաքացիների խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:
մինչև երբ է այս ամենը տևելու, մինչև երբ են զոհեր լինելու, այս խաղաղ պայմաններում ինչքան մահ է ձեր խղճին ծանրանալու, երբ է վերջ դրվելու այս ամենին, հարցեր որ պատասխան չունեն այսպես որ շարունակվի որ մայրը կուզի որ իր որդին ծառայի այս ազգի համար: