«Այն, որ Ինջիղուլյանի փաստաթղթերը հանձնել են ՄԱԿ, դրական պետք է գնահատենք, պարզապես հայտարարությունից պարզ չի դառնում` արդյոք կա՞ երկիրը, որն արդեն համաձայնվել է»
08:52, October 1, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՕրեր առաջ Ադրբեջանի ռազմագերիների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը ադրբեջանական լրատվամիջոցներով հայտարարել էր, որ Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն ընտրել է երրորդ երկիր մեկնելու տարբերակը:
ԿՄԽԿ-ի երևանյան գրասենյակից ԳԱԼԱ-ին հայտնում են, որ իրենք տեղյակ են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունից, սակայն դա որևէ կերպ չեն կարող մեկնաբանել, քանի որ իրենց գործունեության շրջանակներում չէ ադրբեջանական իշխանություններին մեկնաբանելը:
Իրենք նախկինի պես շարունակում են Բաքվի գրասենյակի հետ բանակցությունները, բայց քանի որ իրենց գործունեությունը խորհրդապահական է, ուստի շատ տեղեկություններ չեն կարող հաղորդել, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ հասարակությունը մտածի, թե ԿՄԽԿ-ն չի զբաղվում ռազմագերու խնդրով, սակայն դա այդպես չէ:
Զրուցեցինք նաև պատանդների և զինգերիների հարցերով հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանի հետ, ով արդեն երկու անգամ բաց նամակով դիմել է ԿՄԽԿ-ի Բաքվի գրասենյակ և դեռևս արձագանքներ չկան.
«Սա շատ վատ նախադեպ է միջազգային կազմակերպությունների կողմից, երբ նման հրապարակային ձևով ոտնահարվում են մարդու իրավունքերը, և դա արձագանք չի գտնում»,-ասում է ԱԺ նախկին պատգամավորը:
Քանի որ բաց նամակներն արձագանք չեն գտնում, ուստի նախկին ՄԻՊ-ն արդեն վարչական նորմերի ներքո է նամակով դիմելու.
«Արդեն, ինչպես ասում են, վարչական նորմերի ներքո ենք գրելու, թող մերժեն, բայց գոնե պատասխանեն»:
Նախկին ՄԻՊ-ը նշեց` այն, որ Ինջիղուլյանի փաստաթղթերը Բաքվի գրասենյակից հանձնել են ՄԱԿ, այդ կապակցությամբ պետք է ուրախանալ.
«Արդեն իսկ այն, որ փաստաթղթերը հանձնել են ՄԱԿ, դա դրական պետք է գնահատենք, պարզապես այդ հայտարարությունից պարզ չի դառնում` արդյոք արդեն կա՞ երկիրը, ոչ թե ասել որ երկիրն է, այլ կա՞ երկիր, որն արդեն համաձայնվել է»:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/red-cross-azerbaijan2809.html