«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝ Բանակի օրվա կապակցությամբ
10:18, January 28, 2013 | Հայտարարություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | Զինված ուժերՆախագահական ընտրություններին ընդառաջ տոնվում է Հայկական բանակի կազմավորման 21-ամյակը: Հերթական տարեդարձը դիմավորում ենք զինված ուժերում մարդկային նոր զոհերով ու մարդու իրավունքների հետ կապված լրջագույն մտահոգություններով: Այդ մտահոգությունները առավել խորանում են՝ ի տես զինված ուժերի հրամանատարության կողմից արմատական բարեփոխումների կամքի բացակայության:
Մինչ ներկայիս գերագույն գլխավոր հրամանատարը հավակնում է շարունակել պաշտոնավարել եւս հինգ տարի, շարունակվում են նրա ղեկավարած զորքերում հանցավոր անտարբերության, բռնության, խոշտանգումների, ճնշումների եւ մահվան դեպքերը: Չնայած ապահովության եւ անվտանգության մասին անընդհատ հնչող հայտարարություններին եւ լոզունգներին, միայն անցած տարվա ընթացքում հայկական բանակում ոչ մարտական պատճառներով զոհվել է 48 զինծառայող, իսկ 2013-ի առաջին 28 օրում արդեն իսկ արձանագրվել է մահվան չորս դեպք:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը դատապարտում է իշխանությունների անգործությունն ու անկարողունակությունը՝ հաղթահարելու խնդիրները եւ հիմնովին վերափոխելու բանակը: Այս հիմնախնդրի հետաձգումը հղի է նորանոր կորուստներով եւ դժբախտություններով:
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին եւ նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուներին բարձրաձայնել բանակի խնդիրները եւ հանդես գալ բանակի իրական բարեփոխումների եւ դրանց իրականացման մեխանիզմների մասին ծրագրային առաջարկություններով:
Լրատվամիջոցներին հորդորում ենք բանակի խնդիրների մասին հարցադրումներով դիմել նախագահի թեկնածուներին եւ հետամուտ լինել ընտրարշավի ընթացքում այդ թեման հետեւողականորեն լուսաբանելուն:
Երկիրը չի կարող լինել ապահով, քանի դեռ ապահովված չեն նրա պաշտպանների իրավունքները:
Բանակը պաշտպանված ու հզոր է այնքանով, որքանով պաշտպանված են յուրաքանչյուր զինվորի իրավունքները:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն
28.01.2013թ.