«Երբ ակցիան ի պաշտպանություն իշխանական ներկայացուցչի է, ապա ոստիկանները հանդուրժողականություն են դրսևորում»
12:23, September 6, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Սոցիալական իրավունքներ | ՈստիկանությունՉնայած ոստիկանության հայտարարությանն այն մասին, որ վերջինս անգործության չի մատնված, որ ակտիվիստներին ծեծի և բռնության ենթարկելու դեպքերի առիթով կատարվում է քննություն, իրավապաշտպան Արթուր Սաքունցը դժգոհ է ոստիկանների աշխատանքից:
«Երբ մենք վերջերս բողոքի ակցիա կազմակերպեցինք ոստիկանության դեմ` քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրելու և ապօրինի բերման ենթարկելու, նրանց նկատմամբ հետապնդումներ իրականացնելու հետ կապված, ես կարծում էի, որ ոստիկանությունը դրանից պիտի համապատասխան եզրահանգումներ կատարի և վերադառնա այն դաշտ, որում պիտի գործի, այսինքն` կատարի օրենքով սահմանված իր պարտականությունները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպանը և հիշեցնում, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի ոստիկանությունը կատարի իր պարտականությունները և շուտափույթ հայտնաբերի ստեղծված «ահաբեկչական խմբավորման» անդամներին: «Ստացվում է, որ ոստիկանությունը շատ ակտիվորեն քրեական գործեր հարուցում է ակտիվիստների, իշխանական թևերի դեմ բողոքողների նկատմամբ, բայց իրենց արդարացի բողոքը ներկայացնողների նկատմամբ բռնություններ կատարողներին հայտնաբերելու, դրանց գործողությունները կանխարգելելու և նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու համար մատը մատին չի տալիս: Դրա արդյուքնում այդ ահաբեկչական կոմիտեի անդամներն իրենց անպատիժ են զգում, որովհետև եթե ոստիկանության կողմից կատարվեին քայլեր նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ապա նրանք չէին համարձակվի վերստին շարունակել իրենց գործողությունները»,- ասում է Սաքունցն ու կարծիք հայտնում, որ ոստիկանությունը քաջ գիտի, թե ովքեր են այդ գործողությունները կատարում: «Ոստիկանները կամ աշխատանք չեն կատարում, կամ լավ էլ գիտեն, թե ովքեր են կանգնած այս ահաբեկչական գործողությունների ետևում և գիտակցաբար հովանավորում են նրանց, քանի որ չեն ցանկանում անմիջապես իրենք բռնություն գործադրել ակտիվիստների նկատմամբ, ուստի դա անում են միջնորդավորված ձևով»,- ասում է իրավապաշտպանը: Սաքունցին զարմացնում է այն երևույթը, որ ոստիկանապետն անձամբ որևէ բան չի խոսում: «Դա նշանակում է, որ կամ ինքը վախենում է ահաբեկչական խմբավորումների հովանավորներից , որոնք քաղաքական լուրջ դիրքեր ունեն, կամ էլ ինքն է ղեկավարում այդ խմբավորումները: Սա տիպիկ
Նացիստական Գերմանիային բնորոշ վարքագիծ է, երբ հրոսակախմբեր էին կազմվում, դրանց դուրս բերվում փողոցներ, և նրանք քաղաքացիների նկատմամբ բռնություններ էին կիրառում»,- նկատում է իրավապաշտպանը:
Նա նկատում է, որ ակտիվիստների նկատմամբ բռնությունները շարունակական են, և այս պարագայում դրանց կազմակերպիչներին չհայտնաբերելը խոսում է հենց ոստիկանության անգործության մասին, որի դեմ էլ հենց իրենք պայքարում են: «Սա մարդու իրավունքների նկատմամբ մարտահրավեր է: Ուզում են կանխամտածված մարդկանց ահաբեկելու մթնոլորտ ձևավորեն: Այս պարագայում քաղաքացիներն իրավունք ունեն ինքնակազմակերպվելու և խմբեր ձևավորելու»: Սաքունցը համեմատականներ է անցկացնում նաև ոստիկանության գործողությունների միջև բողոքի ակցիաների ժամանակ և նկատում, որ երբ ակցիան ի պաշտպանություն իշխանական ներկայացուցչի է, ապա ոստիկանները հանդուրժողականություն են դրսևորում: «Հավաքների ազատության մասին օրենքի տրամաբանությունից ելնելով` ոստիկանները պարտավոր են ապահովել այդ հավաքների անվտանգ իրականցումը: Օրինակ` Սամվել Ալեքսանյանի աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ Փակ շուկայի մոտ չի լսվել ոստիկանների կողմից ասված գոնե մեկ բառ այն մասին, որ ակցիան անօրինական է, մինչդեռ քաղաքացիական ակտիվիստների ակցիաների ժամանակ շարունակ դա ենք լսում»,- նկատում է նա և դա գնահատում որպես ոստիկանության կողմից ոչ օբյեկտիվ մոտեցում:
Սաքունցը գտնում է, որ ոստիկանության հայտարարությունը այն մասին, որ իրենց համար բոլորն էլ հավասար են, ընդամենը խաբեություն է, որովհետև ոստիկանության համար կարևորը իշխանության, այլ ոչ թե օրենքի պահպանումն է:
«Ոստիկանության կողմից իշխանության ներկայացուցիչների կատարած գործողությունները հովանավորվում են, իսկ քաղաքացիների կողմից կատարվող գործողությունները ոչ միայն չի հովանավորում, այլ ավելին` դրանց դեմ ուժ է կիրառվում»,- նկատում է նա:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/police-boxoqi-akcia_0609.html