«Հոշոտել են, 3-ով մեկին հոշոտել են». սպանված փաստաբանի քրոջը հանեցին նիստերի դահլիճից
14:16, September 17, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | Քաղաքացիական վերահսկողությունԱյսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց փաստաբան, փաստաբանների պալատի անդամ, Երևան քաղաքի բնակիչ Սամվել Շարբաթյանի աղմկահարույց սպանության դատաքննությունը: Դատական նիստը մարդաշատ էր: Շատերը կանգնած էին ոտքի վրա: Հիշեցնենք, որ փաստաբան Շարբաթյանը սպանվել է 2012թ.-ի նոյեմբերի 18-ին, Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում:
Նույն օրը սպանության գործով քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի դատախազության կողմից: Սամվել Շարբաթյանի սպանության քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված են Արտակ Սամվելի Վերանյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258 հոդված 4-րդ մասով, Սամվել Աշոտի Դիլոյանը և Արեն Սամվելի Վերանյանը:
Վերջիններս մեղադրվում են ՀՀ քրօրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատական նիստը նախագահում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը: Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արտակ Վերանյանը:
Ամբաստանյալի բացակայության պատճառների մասին դատարանը որևէ գրավոր բացատրություն չէր ստացել: Քանի որ դատական նիստին ամբաստանյալ Արտակ Վերանյանի ներկայությունը գործի քննությանը պարտադիր էր, դատավոր Նարինե Հովակիմյանը դատական նիստը հետաձգեց:
Դատական նիստի ավարտից հետո տուժող փաստաբան Շարբաթյանի քույրը` Հասմիկ Շարբաթյանը բարձր արտասվելով մոտեցավ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանին և ԱրենՎերանյանին և ասաց. «Հոշոտելեն, 3-ով մեկին հոշոտել են, եղբորս դեմքը չէր ճանաչվում, ինչու չեն հոշոտված եղբորս հանրությանը ցույց տալիս: Քո աչքերը կհանեմ, այ Դիլոյան»: Դատական կարգադրիչները նիստերի դահլիճից հանեցին տուժողի քրոջը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին:
Այս մասին այլ նյութեր՝ http://www.asparez.am/news-hy/sksvele_pastabanneri_palati-andami_spanuyuan_gordzov_datavarutyun-hy/