«Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները»
00:00, April 21, 2009 | Քննարկումներ | Սեփականության իրավունք2009թ. ապրիլի18-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կայացավ ուղիղ հեռուստաեթեր և քննարկում «Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները» թեմայով:
Քննարկմանը և ուղիղ հեռուստաեթերին որպես փորձագետ ընդգրկված էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը:
Քննարկումների և ուղիղ եթերների ընթացքում փաստաբանի կողմից ներկայացվեցին սեփականության իրավունքին վերաբերող գործարքները, դրանց իրականացման օրինական հիմքերը: Մանրամասն ներկայացվեցին առուվաճառքի, նվիրատվության, վարձակալության, ըստ կտակի, ըստ օրենքի ժառանգության գործարքները կարգավորող իրավական նորմերը, ներառյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները:
Կարեն Թումանյանը նշեց, որ միջազգային վիճակագրության համաձայն՝ սեփականության իրավունքի հետ կապված ամենից շատ հանդիպող խնդիրները առնչվում են հողային վեճերին:
Ուղիղ հեռուստաեթերի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերվում էին սեփականության իրավունքի ձեռք բերմանը, ամուսնալուծությունից հետո համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված սեփականության տնօրինմանը և անչափահաս անձի կողմից ժառանգության ընդունման կարգին: Փաստաբանի կողմից բոլոր քաղաքացիները ստացան սպառիչ պատասխաններ:
Տեղեկացնենք, որ քննարկումները և ուղիղ եթերները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: