«Տիգրան Վարյանի գործով վկաները գտնվել են ոչ թե ապօրինի անազատության մեջ, այլ կրել են կարգապահական պատիժ». ՀՀ ՊՆ քննչական ծառայություն
12:28, August 16, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Տիգրան Վարյան2013 թ. օգոստոսի 6-ին Տիգրան Վարյանի գործով առաջին ատյանի դատարանը կայացրել էր դատավճիռ , որով մեղավոր էր ճանաչել Գևորգ Մանուկյանին, Էրիկ Սարգսյանին և ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանին:
Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով Տ. Վարյանի իրավահաջորդի ՝ Վանո Վարյանի ներկայացուցիչն է, հայտնել էր, որ գոհ չեն դատարանի կայացրած որոշումից և պատրաստվում են վճիռը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում:
Միաժամանակ, այս գործով Ա. Սաքունցի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին էր ուղարկվել հանցագործության մասին հաղորդում` Տիգրան Վարյանի գործով վկաներին ապօրինի անազատության մեջ պահելու փաստի առթիվ: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատություններում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Մինչև դատարանի համապատասխան որոշումը ստանալը, անձը չի կարող ձերբակալման հետևանքով անազատության մեջ պահվել 72 ժամից ավելի:
Հաշվի առնելով սա և այն, որ գործով վկաները դատարանում հայտարարել էին, որ իրենք ցուցմունքները տվել են անազատության մեջ, Ա. Հովսեփյանին պահանջ է ներկայացվել` ձեռնարկել համապատասխան միջոցներ կատարված հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ ՊՆ երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, կապիտան Դ. Գ. Իգիթյանի վարույթում նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Նշված որոշմամբ Դ. Իգիթյանը պարզաբանում է, որ գործով վկաներ՝ ավագ սերժանտ Վաղարշակ Նազարյանը և շարքային Ռոբերտ Առաքելյանը կանոնադրային փոխհարաբերությունների և մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հակոբ Սարիբեկյանը սահմանված պարտականությունները թերի կատարելու պատճառով ենթարկվել են 10 օրյա ժամկետով կարգապահական տույժի և ուղարկվել են Ստեփանակերտի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան՝ կարգապահական կալանք կրելու համար:
Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ, սակայն, կապիտան Դ. Իգիթյանը հստակ չի նշել, թե ինչպիսի կանոններ են խախտել զինծառայողները, մյուս կողմից հենց իրենք` զինծառայողները, նույնպես չեն հիշում թե ինչպիսի կարգապահական խախտումներ են թույլ տվել:
Վանո Վարյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պատրաստվում է որոշումը բողոքարկել ըստ վերադասության կարգով:
Այս մասին այլ նյութեր՝ http://archive.hcav.am/events/ամբաստանյալները-հրաժարվում-են-ցուցմ
http://archive.hcav.am/events/առաջին-ատյանի-դատարանը-տիգրան-վարյան