«Տնակային ավանների բնակիչների կրթական խնդիրները»
00:00, July 18, 2006 | Նորություններ | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2006 թվականի հուլիսի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում «Լոռի TV» հեռուստաընկերությամբ կայացավ «Տնակային ավանների բնակիչների կրթական խնդիրները» խորագրով 3-րդ ուղիղ հեռուստաեթերը:
Եթերին մասնակցում էին «Զանգակատուն» կրթադաստիարակչական կենտրոնի տնօրենը, ՀՔԱ Վանաձորի գրասնյակի ղեկավարը, տնակային ավանի բնակիչներ:
Եթերի ընթացքում քննարկվեցին տնակային ավանների երեխաների կրթությանն առնչվող մի քանի հարցեր.
ինչպիսի՞ն են տնակային ավանի բնակիչների կրթական հնարավորությունները
ի՞նչ կրթական խնդիրների են առնչվում այդ երեխաները
ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ խնդիրները լուծելու համար:
Քաղաքացիները հնարավորություն ունեցան վերոհիշյալ հարցերի կապակցությամբ արտահայտել իրենց կարծիքը ու հարցերը հեռախոսազանգերի միջոցով:
Կրթական հնարավորություններ:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կրթությունն ապահովվում է ՀՀ Սահմանդրությամբ, որտեղ ամրագրվում է, որ յուրաքանչյու ոք ունի կրթության իրավունք: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ այդ իրավունքի կենսագործման համար նախապայմաններն ապահովված չեն: Տնակային ավանների երեխաների մեծ մասը հիմնականում ուսանում են գիշերօթիկ դպրոցներում: Սակայն ՀՀ Կառավարության որոշմամբ սկսվել է գիշերօթիկ դպրոցների բեռնաթափման գործընթացը:
«Զանգակատուն» կրթադաստիարակչական կենտրոնի տնօրենը գտնում է, որ այդ երեխաների համար կրթության հնարավորությունները բավականին սահմանափակ են:
Վանաձորում գործող «Զանգակատուն» կրթադաստիարակչական կենտրոնը զբաղվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսուցմամբ: Կենտրոնում այդ երեխաներին կերակրում են, պարապում հայերեն, մաթեմատիկա, հոգեբանություն, տրամաբանություն: Կենտրոն են հաճախում մոտ 100 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:
Տնակային ավանի բնակիչները գտնում են, որ տարբերություն չկա՝ քաղաքացին տնակի բնակիչ է, թե շենքի: Բոլորի կրթական խնդիրները պիտի ուշադրության կենտրոնում լինեն: Միևնույն ժամանակ բնակիչները նշում են, որ տեղյակ լինելով տնակի բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներին, իշխանության մարմինները տնակի բնակիչների կրթության համար լրացուցիչ հնարավոություններ չեն ստեղծում:
Հեռախոսազանգի միջոցով իր կարծիքն արտահայտած քաղաքացին գտնում է, որ տնակային ավանի բնակիչները, մասնավորապես ծնողներն իրենք են զրկել իրենց երեխաներին կրթության հնարավորություններից: Նրանք վաճառել են իրենց բնակարանները և հայտնվել տնակում:
«Պետությունն այդ պարագայում լրացուցիչ պարտավորություններ պիտի ստանձնի»,-համոզված է Արթուր Սաքունցը: Պետք է սոցիալական զարգացման հնարավորություններ ապահովվել, որպեսզի քաղաքացին իր սննդի, առողջության պահպանման համար ստիպված չլինի վաճառել բնակարանը:
«Զանգակատուն» կրթադաստիարակչական կենտրոնի տնօրենը նշում է, որ շենքային պայմաններում և տնակներում ապրող երեխաների կրթական մակարդակի միջև առնաձնապես տարբերություն չկա:
Կրթական խնդիրներ:
Տնակի երեխաների համար կրթության ամենամեծ խնդիրը կապված է հաշվառման հետ: Տնակի չափահաս երեխաներին պետությունը տնակի հասցեում չի հաշվառում, այլ հասցեում հաշվառվելու հնարավորություն էլ նրանք չունեն: Ստացվում է, որ նրանք չունեն անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ: Այս դեպքում նրանք չեն կարողանում դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Տնակի բնակիչների ներկայացմամբ՝ երեխաների կրթության վրա ազդող հիմնական բացասական գործոնը տնակի ընդհանուր կենսապայմաններն են: Հաճախ 2 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքում երեխաների դաս սովորելը դառնում է անհնար: Տնակի լուսավորությունը, քիչ սենյակները սահմանափակում են ուսուցման պրոցեսը: Երեխաները ծնվում են բավականին բարձր ընդունակություններով, սակայն դրանց զարգացման հնարավորություն չկա: Մեծ ազդեցություն է թողնում նաև ուսուցիչների վերաբերմունքը: Սոցիալապես ապահովված ընտանիքների երեխաները հաճախում են մասնավոր պարապմունքների, ուսուցիչները նրանց բարձր գնահատականների են արժանացնում: Մյուս երեխաները մնում են ուշադրությունից դուրս:
Հեռախոսազանգի միջոցով տնակում բնակվող մի երեխա ներկայացրեց տնակի պայմանները: 7 անձից բաղկացած ընտանիքն ապրում է 1 սենյականոց տնակում: Որպես բազմազավակ ընտանիք՝ դպրոցում դասագրքերի վարձակալության ժամանակ նրանց համար ոչ մի զեղչ չի նախատեսվում:
Հեռախոսազանգի միջոցով իր կարծիքն արտահայտող քաղաքացին ևս գտնում է, որ տնակի սահմանափակ տարածքն է հիմնական խնդիրը: Երեխաները չունեն առանձին գրասեղան, նույնիսկ փոքր անկյուն, որպեսզի դաս սովորելիս նրանց ոչ ոք չխանգարի: Սա է պատճառը, որ երեխան շատ հաճախ դպրոց է գնում անպատրաստ: Ուսուցիչը մեղավոր չէ:
«Տնակի բնակիչները ավելի շատ դժգոհում են ուսուցիչների՞ց, թե՞ դպրոցներում դրամահավաքչությունից»: Հեռախոսազանգով հետաքրքրվում էր քաղաքացին:
Արդյո՞ք «Զանգակատուն» կրթադաստիարակչական կենտրոնը կարողանում է լուծել այդ ընտանիքների բնակարանային խնդիրները:
«Զանգակատուն» կրթադաստիարակչական կենտրոնի տնօրենը նշում է, որ այն բացերը, որոնցով չի զբաղվում կառավարությունը, փորձում են լուծել ՀԿ-ները: Սակայն նրանք ավելի սահմանափակ հնարավորություններ ունեն, իսկ այդ հարցերի համար պետական իրավասություններ են անհրաժեշտ:
Տնակի բնակիչներն արտահայտում են իրենց դժգոհությունը թե° գիտելիքների տրամադրման, թե° դպրոցում հավաքվող գումարների համար:
Արթուր Սաքունցը կարծում է, որ դպրոցը պիտի կարողանա այդ երեխաների հետ արտադասարանային պարապմունքներ կարզամակերպել: Դպրոցն այսօր ֆինանսների ինքնակառավարման համակարգ ունի: Դպրոցը սեփական ուժերով, առանց ծնողներից գումար պահանջելու, պիտի օժանդակի այդ երեխաների կրթական խնդիրների լուծմանը:
Խնդիր է նաև տնակի երեխաների ամառային արձակուրդի կազմակերպումը:
Շենքում ապրող երեխաները գոնե բակ ունեն, որտեղ կարող են խաղալ: Մտածում են արդյոք տնակի երեխաների այս խնդիրների մասին կրթական համակարգը տնօրինողները:
Տնակի բնակիչները նշում են, որ բացի բակային ճամբարներից, այդ երեխաները ոչ մի ուրիշ հնարավորություն չունեն: