Ազատ ընտրությունների տեսլականներ
06:21, May 16, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՄայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններն են գնահատում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ինչպե՞ս եւ ե՞րբ Հայաստանում կկայանան ազատ, թափանցիկ ընտրություններր. նման ընտրությունների հասնելու իրենց տարբերակները են ներկայացնում հասարակական գործիչները:
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար. Մայիսի 6-ին տեղի ունեցածը ես չեմ համարոում որպես ընտրություններ: Դա ավելի շատ համարում են նոտարական վավերացում, որ նախորդել էին մինչ նախընտրական քարոզչությունը, քվեարկությունը: Ընտրությունները համարում եմ ոչ ազատ եւ ոչ արդար:Արդար, ազատ, թափանցիկ ընտրությունների համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ապահովված լինի քաղաքացու բոլոր իրավունքները՝ ազատ արտահայտվելու իրավունք, սեփականության իրավունքի անձեռնմխելիություն, խոշտանգումներից, բռնություններից զերծ լինելու իրավունքը, արդար դատավարության իրավունքը. այսինքն՝ իրավունքների ամբողջ պաշարը պետք է ապահովված լինի, որպեսզի քաղաքացին լինի ազատ. դա առաջին նախապայմանն է, որպեսզի ընտրություները լինեն ազատ: Եթե ընտրողը մինչ այդ եւ աընդհատ գտնվել է ստրկատիրական կախվածության մեջ վարչական ապարատից, իր գործատուից, ոստիկանությունից, բժշկակական հաստատությունից, ապա, բնականաբար, ոչ ազատ ընտրողը ազատ ընտրություն չի կարող կատարել: Ազատ ընտրություն չի կարող լինել՝ առանց ազատ ընտրողի: Իհարկե, նախքան ընտրությունները չէի ակնկալում ազատ, թափանցիկ ընտրություններ: Մենք հերթական անգամ դիտորդական առաքելությամբ հանդես եկանք: Սրա իմաստն այն էր, որ որպես մարդու իրավունքների պաշտպան՝ նախ արձանագրեինք իրավիճակը եւ փաստագրեինք, որպեսզի մեր խոսքերը լինեին ոչ թե վերացական, մտացածին, այլ հիմնված իրական փաստերի, դիտարկումների, ուսումնասիրություննեի հիման վրա:
Հայաստանում անպայման կգա ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացման օրը: Հայաստանի քաղաքացիները չեն կարող եկար ժամանակ մնալ նման վախի մթնոլորտում, ստրկատիրական կախվածության մեջ: Մարդն անազատության եւ վախի մեջ ապրելով՝ կորցնելու է ընտանիքը, կյանքը, աշխատանքը: Նման պայմաններում՝ այդ վախի մեջ, երկար ապրել չի կարող, դա մարդու բնական վիճակը չէ,մանավանդ մեր պայմաններում, երբ դրա ռեսուրսներն էլ չկան:
Միքայել Դանիելյան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան. Բացարձակ վատ գնաատական ունեմ: Մեր ընտրությունները շատ նման էին քվեախցերի: Ինչպիսին քվեախցերն էին, այնպիսին էլ ընտորություներն էին: Մինչ ընտրությունները ես ակնկալում էի ազատ ընտրություններ: Այս իշխանություների օրոք չէր կարող լինել լավ ընտրություններ: Ազատ ընտրություների համար անհրաժեշտ է դեմոկրատական, լիբերալ իշխանություն: Այս ամենին հասնելու համար ժողովուրդը պետք է ջանքեր ներդնի: Եթե իշխանությունները չփոխվեն եւ չգան լիբերալ, դեմոկրատական ուժեր, մենք չենք կարող ակնկալել ազատ, թափանցիկ ընտրություններ: Ազատ ընտրությունների համար անհրաժեշտ է միմիայն իշխանության փոփոխություն: Ոչ մի մարդ, որը հիմա ընտրվել է ԱԺ-ում, չի կարող լինել օրինական ընտրված:
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ. Տագնապում էի, որ այսպիսի ընտրություններ կլինեին: Բայց ինչ-որ հույս ունեի, որ որեւէ բան կփոխվի: Հույսերս, սակայն, չարդարացան: Նախքան ընտրությունները ես ակնկալում էի, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որ մեծամասնություն ունենան, բայց, անկեղծ ասած, չէի պատկերացնում այն տեխնոլոգիաները, որոնք կկիրառեն: Եւ դրա համար մի փոքր հույս ունեի, որ կարող է իրենց ցանկությունը չիրականանա: Տեխնոլոգիաներ ասելով ի նկատի ունեմ «կլոնավորված» անձանց, այսինքն, նույն մարդիկ՝ ժամանակավոր տարբեր տեղերում հաշվառված եւ տարբեր տեղեր քվեարկող: Եւ ի տարբերություն նախորդ ընտրությունների, որ հիմնական տեխնոլոգիաներից մեկը քվեաթերթիկների լցոնումներն էին, այս անգամ տեղի ունեցավ այդ մարդկանց լցոնումները քվեատուփերի մեջ:
Շատերն ասում են, թե ազատ ընտրություների անցկացման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որը ինձ համար մի փոքր զավեշտալի է, որովհետեւ ենթադրում եմ, որ իշխանական ուժերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն իշխանությունից հեռանալու համար, իսկ դա նրանց համար նշանակում է քաղաքական խարակիրի՝ ինքնասպանություն: Եւ իրենք չեն պատկերացնում, որ կարող են ընտրությունների միջոցով իշխանությունից հեռանալ: Այս տարբերակը ես հանում եմ: Հաջորդը՝ ես կարծում եմ, որ մեր հասարակությունը պիտի գիտակցի, որ այս համակարգը, որը «թագավորական» ամակարգ է՝ այսինքն մի հոգուց կախված եւ բրգաձեւ տարածվող իշխանություն, հեռանկար չունի. այսինքն՝ նորմալ ընտրություններ անցկացնելու համար պետք է առանձնանան իշխանության ճյուղերը. ունենալ անկախ իրավական համակարգ, անկախ դատական իշխանություն, տեղական ինքնակառավարություն. ի վերջո գալ պառլամենտական հանրապետության: Քանի դեռ կեղծիքներ անողը իշխանությունն է եւ կեղծիքներ պատժողը նույն իշխանոթյունն է՝ այստեղ մենք փակ շրջանի մեջ ենք. այսինքն՝ հասարակությունը պետք է գիտակցի, որ պայքարը պիտի տանի ոչ թե «թագավորին»փոխելու, այլ քաղաքական համակարգի փոփոխության համար: Դա գուցե թվում է երկարատեւ գործընթաց: Իսկապես, գուցե այդպես է, բայց համենայն դեպս, հասարակության պահանջը պետք է լինի այս համակարգի փոփոխությունը: Եւ այն քաղաքական ուժը, որը կդնի խնդիր եւ կխոստանա, թե ինչ մեխանիզմներով ու ինչպես կազմաքանդել այս համակարգը իշխանության գալուց հետո՝ այդ քաղաքական ուժին պետք է աջակցել: Ես, համենայնդեպս, ճանապարհը այդպես եմ տեսնում: Մի ճանապարհը հուսալքությունն է, մյուսը հուսահատությունից հետո հեղափոխություն անելը, որի ռեսուրսները ես Հայաստանում, անկեղծ ասած, չեմ տեսնում: Ես չեմ ուզում ասել՝ դրան կո՞ղմ եմ, թե՞ ոչ, բայց, համենայդեպս, մի բան կարող եմ ասել, որ ես առայժմ չեմ տեսնում փոփոխության հեռանկարներ: Ես շատ կուզենայի, բայց մի փոքր թերահավատ եմ, որ կարող է տեսնեմ ազատ ընտրություններ:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/azat_ntrutyunner-hy/
Զրուցեց Անի Մկրտչյանը