Ամբաստանյալները հրաժարվում են ցուցմունք տալ. Տիգրան Վարյանի «ինքնասպանության» չբացահայտված հանգամանքները
13:49, July 25, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Տիգրան Վարյան2013 թ. հուլիսի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում տեղի ունեցավ Տիգրան Վարյանի մահվան գործով հերթական դատական նիստը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դատական նիստի ժամանակ պաշտպանել է տուժողի իրավահաջորդ Վանո Վարյանի շահերը: Ով և ներկացրեց դատական նիստից մանրամասներ:
Այս դատական նիստի ժամանակ որպես վկա հրավիրվել էր գնդապետ Համլետ Սևոյանը՝ այն զորամասի հրամանատարը, որտեղ ըստ նախաքննական մարմնի վարկածի, ինքնասպանություն էր գործել Տ. Վարյանը:
Գնդապետ Հ. Սևոյանին, որպես լրացուցիչ վկա դատարան հրավիրելու պատճառն այն էր, որ նախորդ դատավարության ժամանակ վկա Նարեկ Նալբանդյանը հայտնել էր, որ սպաների ժողովի ժամանակ գնդապետ Սևոյանը կարծիք էր հայտնել, որ քննվում է նաև Տիգրան Վարյանի սպանության վարկածը:
Համլետ Սևոյանը դատարանում ասել է, որ նա չէր կարող այդպիսի կարծիք հայտնել, քանի որ գործը քննում է քննչական մարմինը, բայց սկիզբից՝ Տ. Վարյանի մահից հետո, երբ դեռ ոչինչ հայտնի չէր, հնարավոր է նման խոսակցություն եղած լիներ: Սակայն, նա ըստ էության հերքց, որ ասել է նման բան:
Գնդապետ Հ. Սևոյանը իր ցուցմունում նշեց, որ Վարյանը ընկած, հենված է եղել խրամատի հողային մասին, այսպիսի ցուցմունք նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ տվել էր նաև վկաներից մեկը, սակայն ըստ նախաքննական մարմնի ներկայացրած դեպքի վայրի նկարագրության՝ Վարյանը հենված է եղել սյանը: Այսինքն փոխվում է շատ կարևոր փաստ՝ դեպքի վայրի նկարագրությունը:
Հիշեցնենք, որ գնդապետ Հ. Սևոյանը ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի 2012 թ. մարտի 12-ի 201 հրամանով խիստ նկատողություն է ստացել ՝ ոչ պատշաճ ծառայողական հսկողություն իրականացնելու համար:
Արթուր Սաքունցի այն հարցին, թե երբ զինվորներին մարտական հերթապահություն են ուղարկում, այդ հերթապահության վրա հսկողություն սահմանում են, Համլետ Սևոյանը պատասխանել է, որ հսկողությունը իրականացնում է օպերատիվ խումբը, և կապիտան Հակոբյանը հսկողություն իրականացնելու պարտավորություն չունի:
Չնայած դրան, Արթուր Սաքունցը դատարանում հայտնեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինվորական դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ուղարկել և´ վկաների նկատմամբ բնության կիրառման հիմքով, և´ կապիտան Ա. Հակոբյանի հանդեպ քրեական գործ հարուցելու պահանջով:
Դատական նիստին ներկա չէր վկա Մախմուրյանը, ով հայտնել էր, որ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չի ներկայանա դատին, իսկ մյուս վկա Ապրեսյանի գտնվելու վայրն անհայտ է: Դատարանի որոշմամբ մյուս վկաների՝ փորձագետների հարցաքննման անհրաժեշտությունը չեղավ և դատարանն անցավ ամբաստանյալների հարցաքննությանը: Սակայն, ամբաստանյալներ Էրիկ Սարգսյանը, Գևորգ Մանուկյանը և Հովհաննես Հակոբյանը օգտվելով իրենց իրավունքից հրաժարվեցին ցուցմունք տալ և պատասխանել հարցերին:
Ա. Սաքունցը գտնում է, որ այդ քայլը ուղղորդված և թելադրված էր, քանի որ մինչ այդ դատական նիստերի վկաների ցուցմունքները բացահայտեցին հանգամանքներ, որոնց քննիչը նախաքննության ընթացքում չի անդրադարձել, և տվյալ դեպքում ամբաստանյալների ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի օգտագործումը, ավելի շատ նպատակ ունի կոծկելու իրականությունը:
Ա. Սաքունցը հիմք ընդունելով այն, որ ամբաստանյալները հարցերին չեն պատասխանում, միջնորդություն է ներկայացրել, որպեսզի քննիչը ներգրավվի որպես վկա, սակայն դատարանը մերժել է, հնարավորություն չտալով քննիչից պարզել, թե ինչու են վկաները գտնվել անազատության մեջ և այդ պայմաններում են ցուցմունքներ տվել, որով կարող է կասկածի տակ դրվել ցուցմունքերի արժանահավատությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 31-ին ժամը 12:00-ին: