Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
00:00, June 10, 2009 | Նորություններ2009թ. մայիս ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 7 քաղաքացիներ:
Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Տաշիր
Սպառողների իրավունք
1. Ջրամատակարար կազմակերպությունը` «Լոռու ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, ջրատար համակարգում առկա խնդիրները վերացնելու արդյունքում վնասել է բաժանորդի ջրագիծը: Վերջինս բազմիցս դիմել է ընկերությանը վթարը վերացնելու համար, սակայն ջրամատակարար ընկերությունը որևէ քայլ չի ձեռնարկել:
Քաղաքացու համար կազմակերպության անունից պատրաստվել է դիմում` ուղղված «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` վթարը վերացնելու պահանջով:
2. ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները քաղաքացու կողմից հարևանի հետ ունեցած խնդրի կապակցությամբ /հարևանները աղմկում են, խանգարում հանգիստը և այլն/ ներկայացված դիմումի հիման վրա ոչ մի միջոցառում չեն ձեռնարկել, միաժամանակ քաղաքացուն տեղեկատվություն չեն տրամադրել, թե ինչու որևէ միջոցառում չի իրականացվում:
Կազմակերպությունը խորհուրդ է տվել դիմել դատախազություն ոստիկանության անգործությունը վերացնելու համար, սակայն քաղաքացին հրաժարվել է:
3. Քաղաքացին ի՞նչ կարող է անել հարևանի կողմից անընդհատ անձնական վիրավորանքներ հասցնելու դեպքում:
Քաղաքացին կարող է դիմել իրավապահ մարմիններին` նշված արարքը կանխարգելելու և օրինազանցի նկատմամբ համապատասխան պատիժ սահմանելու պահանջով:
Ընտանեկան իրավունք
4. Քաղաքացու դուստրը դատական կարգով հանձնված է իր խնամքին: Ամուսինը մինչ երեխայի չափահաս դառնալը վճարել է ալիմենտ: Երեխան ունի հաշմանդամության խումբ և մանկուց տառապում է խրոնիկ հիվանդությամբ: Քաղաքացին կարո՞ղ է արդյոք ալիմենտ պահանջել:
Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված Լոռու մարզի ընդանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրին` երեխայի նկատմամբ ալիմենտ նշանակելու հայցով:
Սպիտակ
Սեփականության իրավունք
5. Քաղաքացին մինչ 2008թ. հունիս ամիսն ընդգրկված է եղել աղետի հետևանքով որպես փոխհատուցում տրվող բնակարանների հերթացուցակում, սակայն ներկայիս քաղաքապետը քաղաքացու անունը հանել է հերթացուցակից: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնվել հերթացուցակում:
Կազմակերպությունը քաղաքացուն օգնել է պատրաստել դիմում՝ ուղղված մարզպետարանին, պարզելու, թե կառավարության որ որոշման համաձայն են քաղաքացուն հանել հերթացուցակից:
Ալավերդի
Սեփականության իրավունք
6.Համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն տրվել է հողամասի սեփականաշնորհման թույլտվության մասին որոշում, որտեղ հողամասի մակերեսը 880քմ է, իսկ Անշարժ գույքի պետական գրանցման կադաստրի կողմից տրված սեփականության վկայականում նույն հողամասի մակերեսը 348 քմ է: Քաղաքացին ի՞նչպես կարող է շտկել սեփականության վկայականում հողամասի մակերեսը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված Ախթալայի քաղաքապետին` հողամասի մակերեսի անճշտությունը պարզելու և այն վերացնելու համար:
7. Քաղաքացին կտակի հիման վրա տուն է ժառանգել, սակայն կտակարարը կտակը գրելու ժամանակ կույր է եղել և չի ապահովվել վկայի ներկայությունը, որը նման պայմաններում պարտադիր է: Քաղաքացին ցանկանում է իմանա, թե կարո՞ղ է արդյոք տվյալ կտակը անվավեր ճանաչվել:
Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` նման կտակը կարող է անվավեր ճանաչվել, քանի որ չի պահպանվել կտակը կազմելու պարտադիր պայմանը` տվյալ դեպքում վկայի ներկայությունը: