Աշխատանքի անվտանգություն. Ռուսաստանում աշխատանքային հայ միգրանտների համար ծագած մտահոգություններ
10:32, October 16, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Քաղաքացիական վերահսկողությունՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում միգրանտների դեմ արդեն մի քանի օր շարունակվող զանգվածային անկարգությունները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում նման գործողությունների ամենասաստիկ դրսևորումներից են, մտահոգությունների տեղիք են տվել նաև Հայաստանում` հաշվի առնելով, որ բազմաթիվ հայեր արտագնա աշխատանքի են մեկնում հենց Ռուսաստան:
Մոսկվայի հարավում գտնվող Արևմտյան Բիրյուլևո շրջանի բանջարեղենի բազայում անկարգություններ սկսվեցին, երբ հոկտեմբերի 10-ի գիշերն ընկերուհու համար տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տվյալների` ներգաղթյալ ադրբեջանցին դանակահարել էր 25-ամյա բնակիչ Եգոր Շչերբակովին:
Կիրակի Բիրյուլևո թաղամասի մի քանի հարյուր բնակիչ անցկացրել են խաղաղ ցույց` պահանջելով սպանության արդար քննություն, սակայն այն վերածվել է զանգվածային անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, ինչի հետևանքով, ըստ ռուսաստանյան РИА новости լրատվական գործակալության` ձերբակալվել է 1000-ից ավելի մարդ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ադրբեջանցի միգրանտները: Անկարգությունների փաստով հարուցվել է քրեական գործ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի քաղաքներում սլավոնական մեծամասնության և Հյուսիսային և Հարավային Կովկասից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից միգրանտների միջև տեղի ունեցող բախումներն ավելի հաճախակի են դարձել, և պարբերաբար առաջ են քաշվում միգրանտների մուտքը սահմանափակելու պահանջներ:
Դեռևս այս տարվա հուլիսին, երբ Պոդոլսկ քաղաքի մոտակայքում Հայաստանի 46-ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած «ԿաՄԱԶ»-ը մխրճվել էր մարդատար ավտոբուսի մեջ, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, կրկին առաջ էր քաշվել միգրանտների հարցը: Իսկ հուլիսի վերջին Մոսկվայի շուկաներում, որտեղ հիմնականում աշխատում են ներգաղթյալներ, սկսվեցին զանգվածային ստուգումներ, և Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Հայաստանի, Աբխազիայի և Ուկրաինայի մի քանի հարյուր քաղաքացիներ շուկայի տարածքից տեղափոխվեցին ոստիկանության բաժին:
Իսկ ավելի վաղ` 2010-ի դեկտեմբերին, Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ու կովկասցի խմբավորման միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ 28-ամյա Եգոր Սվիրիդովի սպանությունը ևս մեծ բողոքի ալիք էր բարձրացրել:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ միգրանտների դեմ այս պայքարը ռուսաստանյան ներքաղաքական գործընթաց է, որը բավական խոր արմատներ ունի և դեռ զարգանալու է ու որևէ կապ չունի կոնկրետ երկրի հետ:
Այս տարվա սեպտեմբերին Մոսկվայի քաղաքապետի ընտրությանը երկրորդ տեղը զբաղեցրած և մայրաքաղաքում մոտ 30 տոկոս ձայն ստացած Ալեքսեյ Նավալնին, ով հավակնում է Ռուսաստանի նոր ընդդիմության առաջնորդը դառնալուն, երկուշաբթի իր բլոգում գրել էր, որ նախաձեռնել է ստորագրահավաք, որպեսզի հետխորհրդային ասիական և կովկասյան հանրապետությունների քաղաքացիների համար Ռուսաստանը վիզային ռեժիմ սահմանի:
Օրեր առաջ Ռուսաստանի օմբուդսման Վլադիմիր Լուկինը ևս առաջարկել էր ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ սահմանել՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի միջոցների շրջանակում, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ողջունել այդ առաջարկը` ասելով, որ նման քայլը չի բխում երկրի շահերից, և Ռուսաստանը պետք է իր կողմը ձգի նախկին Միության հանրապետություններին, այլ ոչ թե վանի:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով պատրաստվում է բողոքարկելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը անդամակցության որոշումը, որի մասին անցյալ ամիս հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նույնպես ասում է, որ միգրանտների խնդիրը Ռուսաստանի Դաշնությունում պարբերական բնույթ ունի, սակայն Հայաստանի իշխանությունները երբևէ որևէ քայլ չեն կատարել նրանց պաշտպանելու համար:
«Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները որևէ կամք կարող են դրսևորել իրենց միգրանտներին օգնելու համար: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այնպիսին են, որ Հայաստանը ծպտուն էլ չի հանի, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սաքունցը:
Աղբյուրը՝ http://armenianow.com/hy/news/49228/armenia_migrants_russia_riots_protests