Առողջապահության խնդիրներ բանակում. մի հիվանդ զինծառայող է մահացել, մյուսը՝ հոսպիտալացվել
05:53, January 16, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՎերջին շաբաթվա ընթացքում բանակում հիվանդության հետևանքով մեկ զինվոր է մահացել, ևս մեկն էլ ծանր վիճակում հոսպիտալացվել է, ինչը հերթական առիթն է դարձել բանակում առկա խնդիրները բարձրաձայնելու համար:
Չորեքշաբթի ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է 20-ամյա զինծառայող Հայկ Մակարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հունվարի 13-ին էլ Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, ինչպես նաև մարմնական վնասվածքներով Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ժամկետային զինծառայող, զինակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանը:
Խլղաթյանի հարազատները լրատվամիջոցներին ասում են, որ առողջ որդի են ճանապարհել բանակ, սակայն իրենց տղային բերել են ծեծված, մարմնի վրա հանգցրած ծխախոտի հետքերով և խորացված թոքաբորբով: Ըստ հարազատների` Խլղաթյանին ծեծել են սպաները:
Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից չորեքշաբթի «ԱրմենիաՆաուին» ասացին, որ զինվորը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, և քանի որ հրամանատարը նրա մոտ էր, այլ տեղեկություններ չհայտնեցին:
Փաստի առիթով ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով`պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու մասերով:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Ավելի ուշ նա լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ Մհեր Խլղաթյանին ծեծելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել, որոնցից մեկը սպա է:
Երեքշաբթի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանային շրջայցի ընթացքում այցելել էր նաև այն զորամաս, որտեղ գրանցվել էր միջադեպը: Նախարարը ծանոթանալով դեպքի մանրամասներին՝ խիստ հրահանգներ է տվել ու հանձնարարել ծառայողական քննություն կատարել և ասել է, որ իրավիճակն անձամբ է հսկելու:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ սա ոչ պատշաճ բժշկական ծառայության հետևանք է, և իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զինվորների շրջանում ոչ պատշաճ բժշկական ծառայության հետևանքով մահացության դեպքերն աճի միտում ունեն:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության՝ 2013-ին ՀՀ զինված ուժերում գրանցված մահացության 31 դեպքերից 4-ը առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով են եղել:
Սաքունցի խոսքով`թեև ՊՆ ներկայացուցիչները պնդում են, թե բանակում համալրման խնդիր չկա, սակայն իրականում այն կա և ապահովվում է ամեն գնով, այդ թվում՝ հիվանդ զինծառայողների հաշվին:
«Երկրի վիճակն այնպիսին է, որ պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման համար ամեն գնով ցանկացած ռեսուրսի ներգրավումը դառնում է պրոբլեմային, որովհետև միայն պաշտպանության բնագավառը չի կարող այդ ամբողջ խնդիրները լուծել, դա պայմանավորված է իշխանության քաղաքականությամբ, որն ամենազգայուն ձևով ազդում է հենց պաշտպանության վրա»,- ասում է Սաքունցը:
Աղբյուրը` http://armenianow.com/hy/society/human_rights/51358/armenia_military_army_conscripts_health_death