Ավանի հոգեբուժական կլինիկայի դեմ գործը ՀՀ վերաքննիչ դատարանում
09:05, November 22, 2013 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն թվականի մայիս-հուլիս ամիսներին ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մոնիթորինգի շրջանակներում այցելել էր Ավանի հոգեբուժական կլինիկա: Հաստատությունում բուժվող անձանց հետ զրույցներից մեկի ժամանակ գրասենյակի աշխատակիցները հանդիպել էին ժուլետա Ամարիկյանի հետ, ով հայտնել էր, որ չունի առողջական խնդիրներ, և նրան շահադիտական նպատակներով եղբայրն է տեղավորել հոգեբուժական հաստատությունում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջին ատյանի դատարանը Ժուլետա Ամարիկյանի գործով բավարարել էր Ավանի հոգեբուժական կլինիկայի հայցը և նրան ուղարկել հարկադիր բուժման: Չհամաձայնվելով առաջին ատյանի դատարանի որոշման հետ՝ Ժ. Ամարիկյանն իր փաստաբանի օգնությամբ այդ վճիռը փորձում էր բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն տարբեր պատճառներով վերաքննիչ բողոքը դատարանը վարույթ չէր ընդունում:
Սույն թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերջապես քննության առավ վերաքննիչ բողոքը:
Դատական նիստի ժամանակ դատարանն ընթերցեց Ժ. Ամարիկյանի և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի մի մասը:
Տ. Հայրապետյանը նշեց, որ չընթերցվեցին բողոքում իր կողմից ներկայացված ամենից կարևոր կետերը՝ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ իրավիճակներում կայացրած նախադեպային որոշումները և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայում հարկադիր բուժում կիրառելու վերաբերյալ հոդվածները:
Դատական նիստին ներկա էր նաև Ժուլետա Ամարիկյանը, ումից դատարանը պարզեց, որ նա ցանկություն չունի հիվանդանոցային բուժում անցնել, բացի այդ այն ժամանակահատվածում, երբ նա գտնվել էր հոգեբուժարանում ոչ մի դեղամիջոց չի օգտագործել, քանի որ ալերգիա ունի դեղամիջոցներից: Դատարանում Ժ. Ամարիկյանը նաև նշեց, որ իրեն բռնի ուժով, ոստիկանների ուղեկցությամբ են տեղափոխել Ավանի հոգեբուժական կլինիկա:
Դատարանը այսքանով հետաձգեց դատական նիստը մինչ 2013 թ. դեկտեմբերի 3-ը, որի ժամանակ կհրապարակի դատական ակտը:
Դատական նիստի ավարտից հետո փաստաբանը նշեց, որ դատարանը չհրապարակեց ամենից կարևոր փաստարկները, որոնց վրա հիմնվելով նա պետք է որոշում կայացնի: Փաստաբանը նաև ավելացրեց, որ դատարանը ի սկզբանե ցուցաբերեց անուշադիր և միակողմանի վերաբերմունք:
Այս դատական նիստը և ամբողջ դատական գործընթացը հիմք են տալիս մտածելու, որ Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ ներպետական մարմինների առկա է խտրական վերաբերմունք՝ խարան և կարծրատիպեր հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ: