Ավեր եկեղեցու այգեստանում
00:00, June 29, 2006 | Մտքի, խղճի և կրոնի ազատությունՆերկան Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը համարում է փորձության շրջան: Շուրջ 2000-ամյա հայկական ավանդական կրոնը վտանգված է կրոնական տարբեր շարժումների «հարձակումից» ու եթե այսպես շարունակվի, ապա կսասանվի հայոց պետականությունը:
Գուգարաց թեմի առաջնորդը զարմանում է, թե ինչպես պատահեց, որ հայ ժողովուրդը տարատեսակ աղանդների թիրախ դարձավ: Նա մարտահրավեր է որակում տարատեսակ կրոնական հոսանքների մուտքը Հայաստան, որ սպառնում է ազգային ամբողջականությանը:
«Մենք էլ ցնցվեցինք, թե ինչ կատարվեց: Սա ինչ հարձակում էր կրոնական դաշտի վրա»,-հարցնում է եպիսկոպոսը ու պատասխանում, թե խորհրդային կարգերի փլուզումից հետո եկեղեցին ևս կանգնեց դժվարությունների առջև: Սկսվեցին անորոշություններն ու տրոհումը, բաժանումը տարբեր կրոնական հոսանքների միջև: Ինչպես քաղաքական դաշտն է տրոհվել ռուսամետների, եվրոպամետների կամ էլ արևմտամետների միջև, այնպես էլ կրոնական դաշտն է բաժանվել ու չի զանազանվում աշխարհիկ հոսանքներից:
«Բայց ու՞մ է ձեռնտու այս վիճակը»,-հարցնում է Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ու մտահոգվում է, թե այս պայմաններում, երբ աշխարհն ընթանում է մի ուղղությամբ, առավել կարևորվում է փոքր ազգերի միասնական լինելը: Հակառակ դեպքում կրոնական ջլատումը կբերի պետականության գոյության դադարեցման: Եպիսկոպոսը ուրախանալու առիթ չի համարում կրոնական շարժումների ավելացումը: «Ինչի ուրախանալ, եթե կգա մի օր, երբ ամեն մի հայ մի կրոնական շարժում կներկայացնի»: «Որքան պիտի հանդուրժենք»,-ասում է եպիսկոպոս Չուլջյանն ու նկատում, որ ինչ-որ արտաքին կառույցների կողմի պարտադրված, հարկադրված, լուռ, խոնարհ հանդուրժենք և ուրիշ ոչի՞նչ: «Մինչև ե՞րբ հանդուրժենք»,-շարունակում է եպիսիկոպոսն ու նկատում, որ հային բնորոշ հանդուրժողությունն այսօր ծայրահեղության է տանում: Քրիստոնյաները, որոնց բնորոշ են կայուն, բարոյական ու հաստատուն արժեքներ, այսօր վտանգված են: Սրանով հանդերձ նա չի հակառակվում իսլամական կամ բուդդայական արժեքներին, բայց օրինակ, իսլամական արժեքները իր ժողովրդի էթնիկ տեսակին են համարժեք: Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը գտնում է, որ գնում է կրոնների համար սրբություն համարվող արժեքների նսեմացման գործընթաց: «Եվ երբեք իսլամը կամ մեկ այլ կրոն այնքան վնաս չեն հասցրել քիստոնեական արժեքներին, որքան եվրոպական չակերտավոր զարգացած պետությունները»: Նա օրինակ է բերում Մարիամ Աստվածածնի կամ Հիսուս Քրիստոսի պատկերներով տարբեր հագուստների առկայությունը կամ էլ Դա Վինչիի կոդի հետ կապված վերջին իրադարձություննները:
«Եթե Եվրոպան դա է ցանկանում, թող բացահայտ ասի»,-բողոքում է նա ու կրոնական շարժումների մուտքը Հայաստան համեմատում անտառը հատելու հետ: Դա նման է այն բանին, որ մտնես ուրիշի այգի:
«Հիմա ինչ կրոնական շարժում ասես ժողովրդի որ հատվածը մտնում, ավերում, դուրս է գալիս»: Եպիսկոպոսը յուրաքանչյուրի մուտքն անտառ ճիշտ չի համարում: Այնպես չպիտի լինի, որ ցանկացողը մտնի անտառը կտրի-տանի: Եպիսկոպոսը դա ավեր է համարում այնքան ժամանակ, քանի դեռ մտնում ես ուրիշի, հանրային այգի: Ինչ է նշանակում ավեր հանրային այգում, այս դեպքում Հայ առաքելական եկեղեցու այգում: Եթե անհատն ինքն է ընտրում սեփական դավանանքն ու հեռանում է Հայ առաքելական եկեղեցուց, արդյո՞ք դա կարելի է համեմատել այգում կամ անտառում ծառահատման հետ: Կամ արդյո՞ք անհատին ու ծառին կարելի է նույնացնել: Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ասում է, թե եթե մարդը անգիտելիք է, ոչ բանիմաց, ապա կրոնական շարժման պատրաստված ներկայացուցչի հանդիպելիս կուլ կգնա այնպես, ինչպես անտառում վտիտ ծառը խեղդվում է հզորների մեջ:
Նա վստահ է, որ դրսից ներմուծվող կրոնական ուղղություններն ամենևին էլ Ավետարանը չեն քարոզում:
«Թող ցույց տան, որ Ավետարանում գրված է՝ գնացեք հայ ժողովրդին տրոհեք, որովհետև նրանք հեթանոս են»,-կրոնական ուղղությունների գործունեությունը Հայաստանում անիմաստ է համարում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը: «Ու՞ր ես եկել, ինչի՞ ես եկել, եթե այս ժողովուրդն ունի իր հավատքը»,-հարցնում է եպիսկոպոս Չուլջյանը: Նա գտնում է, որ կրոնական այլ շարժումների դերը Ավետարանը քարոզելու մեջ չէ: Ավետարանը ծառայեցնում են իրենց նպատակին, մարդորսության ու մարդ փչացնելու համար են եկել, որովհետև «դու միայն բարություն պիտի սովորեցնես, Քրիստոսի պատգամները միայն պիտի տարածես»: «Բայց եթե դու տարանջատում ես իր հոտից, իր ժողովրդից անհատին, բաժանում ես, որ տիրես, ուրեմն քո մեջ չի կարող արդարը գործել»,-հավատացած է Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նա համոզված է, որ եթե բոլոր կրոնական շարժումների հիմքը Ավետարանը լիներ, ապա կլիներ եղբայրական, սիրո մթնոլորտում հավատացյալների հոծ զանգված: Վերջապես՝ միասնականություն: «Այնինչ նրանց գործունեության հիմքում ինքնակայացման, սեփականացման գործընթացն է ընկած»,-հավատացած է եպիսկոպոսը: «Կրոնի անվան տակ գնում է հայ ժողովրդի ջլատման, մասնավորեցման գործընթաց»:
Իսկ ի՞նչ պետք է անի Հայ Առաքելական եկեղեցին, որպեսզի իր անդամին «չխլեն» տարբեր կերպ գրավող կրոնական ուղղությունները:
Հայ Առաքելական եկեղեցին ճկունություն է ցուցաբերում իր հոգևոր-մշակութային քաղաքականությունում: Գուգարաց թեմի առաջնորդն ասում է, որ ավանդականը պահպանելով, բայց միաժամանակ նորովի պետք է մատուցվի եկեղեցական արարողակարգերն ու ծեսերը: Եպիսկոպոսը հիշում է Գևորգ չորրորդ և Գևորգ հինգերորդ կաթողիկոսներին, որոնք հրաման տվեցին եկեղեցում նստարաններ տեղադրել, երգեհոն ունենալ: «Սրանք աստիճանաբար զարգացող երևույթներ են, որոնց եկեղեցին ընթացք է տալիս այնքանով, որքանով հարիր է մեր ազգին, ժողովրդին ու ըմբռնողականությանը»,-ասում է եկեղեցական այրը: Իսկ այն, ինչ անըմբռնելի է մեր ժողովրդին, Հայ Առաքելական եկեղեցին դրան ընդառաջ չի կարող գնալ: Վերջին հաշվով, եպիսկոպոսը անխուսափելի է համարում ժամանակակից մարդուն ծեսերն ու տոները նոր ձևով մեկնելու անհրաժեշտությունը: «Այսօրվա լեզվով այսօրվա մարդուն այսօրվա հոգևորականը հասանելի մատուցել»,-այսպես է բնութագրում Գուգարաց թեմի առաջնորդը փոփոխությունների անհրաժեշտությունը, որը կարելի է անվանել բարեփոխում: Սրա մեջ կարելի է ներառել նաև խղճի ազատությունը կարգավորող օրենքի շուրջ տեղի ունեցող քննարկումները: Օրենքով և ենթաօրենսդրական ակտերով եպիսկոպոսը հնարավոր է համարում ամրագրել, որ յուրաքանչյուր կրոնական շարժում ժողովրդի կյանքում պետք է հստակ իր ասելիքը, անելիքը, իր պարտականությունն ու վերջապես իր գործունեության դաշտն ունենա: Եպիսկոպոսը կարծում է, որ եթե խղճի ազատություն հասկացությունը չափված, կարգի մեջ լիներ, աղանդներն այս աստիճան ավեր չէին գործի: Իսկ եթե եվրոպական կառույցները դեմ լինեն Հայաստանում խճի ազատությունը կարգավորող օրենքի գոյությանն ընդհանրապես: «Նշանակում է՝ Եվրոպան ուզում է անտառը ավերվի, ուզում է ամեն մի անհատ մի կրոնական ուղղություն ներկայացնի»,-կարծում է եպիսկոպոսը: Բայց Եվրոպան չի ավերվել տեսակետին Գուգարաց թեմի առաջնորդը հակազդում է, թե Եվրոպան բարոյազրկվել է: Մյուս կողմից, յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի այս երևույթների տարածման մեջ իր լռությամբ ու անտարբերությամբ: «Մենք մասնակիցն ենք այսօրվա եփվող ապուրին»,-յուրաքանչյուր հայի մեղքի բաժինն է նշում Գուգարաց թեմի առաջնորդն ու իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկը մատնանշում դաստիարակչական աշխատանքները: Ամենքն իրենց տեղում պետք է լինեն ու տեղի անտեղի ոլորտ առ ոլորտ չբռնեն ու քննադատեն, այլ ամեն մեկն իր գործով զբաղվի, միևնույն ժամանակ մասնակցություն ունենա հանրային կյանքին: Այսպես է պատկերացնում Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը Հայ Առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի ազգային ու պետական միասնականության պահպանման առաքելությունը: Այնպես, ինչպես Հայ Առաքելական եկեղեցին իր ողջ գոյության ընթացքում առանց պետականության կարողացել է պահպանել հայ ազգն իր մշակույթով ու կրոնով: Առաքելական եկեղեցին հայ ազգի ամեն մի ներկայացուցչի համարում է իր զավակը: Թեկուզ մոլորված, թեկուզ գրավված կրոնական կազմակերպությունների կողմից՝ անկախ աղանդների շարքերն անցնելու նրանց սեփական ցանկության, այդուհանդերձ այն «ժողովրդավարական բնույթ ունի»: Եվ դրա օրինակը եպիսկոպոսը բերում է վաղ անցյալից: Երբ երևի թե աշխարհում չկար ընտրովի ղեկավարներ ունենալու գաղափարը, Առաքելական եկեղեցին այդ կերպ էր ընտրում իր հովիվներին: Միևնույն ժամանակ այնքան հանդուրժող էր ու այդ արժեքները տարածում էր իր հավատակիցների շրջանում ան աստիճան, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցու շնորհիվ հայ ազգը կարողացել է ապրել այլազգիների շրջանում ու համագոյակցել: «Որովհետև եկեղեցին ճկունություն էր դրսևորում»,-ասում է Գուգարաց թեմի առաջնորդը: Իսկ հիմա նոր մարտահրավերներ են առաջ եկել, որոնց դեմ պայքարել է պետք:
«Ի վերջո, ինչքա՞ն կարելի է ծաղրել այս ժողովրդին»,-հարցնում է Գուգարաց թեմի առաջնորդը: Եվ երբ խոսքը հասնում է պետության իշխանավորներին, նա հիշում է, թե ինչպիսի դաստիարակություն են ստացել խորհրդային կարգերի օրոք Հայաստանի ղեկին նստած այրերը: Այս գիտակցության տեր մարդիկ եկեղեցական որոշ արժեքների ի միջի այլոց կարող են վերաբերվել: «Արդյունքում այն կլինի, որ մի ձեռքում Ավետարանը կլինի, մյուս ձեռքում մահակը»,-հայաստանյան իշխանությունների վարքագիծն է մեկնաբանում Գուգարաց թեմի առաջնորդը հանրահավաքների ժամանակ մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառելիս: Այսուհանդերձ, նա գտնում է, որ հարկավոր է խորացնել հարաբերությունները իշխանությունների հետ, որովհետև եկեղեցին ամբողջական ներկայություն չունի պետական կառավարման համակարգում:
Նաիրա Բուլղադարյան