Արթուր Սաքունց. «Բռնություն կատարողները խրախուսվում են»
08:23, April 6, 2013 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն«Ոստիկանության բաժանմունքներում որպես կանոն բռնությունը, ծեծը, 3 ժամից ավելի պահելը, հոգեբանական ճնշումներ գործադրելը, իրավական օգնություն չտրամադրելը, պաշտպանով չապահովելը, կեղծ ցուցմունք հարկադրելը, եղել և մնում է ոստկանության աշխատելաձևը»,- ընդգծում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու փաստում, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2011թ.-ից մինչ օրս ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ 33 դիմում է ստացել, սակայն որևիցե փաստով այդպես էլ քրեական գործ չի հարուցվել:
«Ոստիկանության օպերլիազորներն ակնհայտ ապօրինություններ են թույլ տալիս, խոշտանգում են քաղաքացիներին, իսկ որոշ ժամանակ անց նրանց պետերը տեղափոխվում են այլ բաժիններ ու ստանձնում բարձր պաշտոններ: Ստացվում է, որ մեր երկրում բռնություն կատարողները խրախուսվում են»,- նշում է Սաքունցն ու հավելում, որ ոստիկանների աշխատանքների որակը գնահատվում է հանցագործությունների բացահայտման քանակով, «իսկ երբ պլանային ցուցանիշները չեն կարողանում կատարել, համաձայն իրենց «Սև ցուցակի» ընդգրկվածների` թմրանյութերից կախում ունեցողները կամ նախկինում դատվածություն ունեցողների շնորհիվ համալրվում է սահմանված քանակի ապահովումը»:
Սաքուցի խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունը ևս անգործությամբ է զբաղված և մատը մատին չի տալիս՝ քննությունը կանխամտածված այնպես է տանում, որ ոչ թե գործը բացահայտվի այլ հակառակը, ամեն բան արվում է հանցագործությունը կոծկելու նպատակով:
«Ներքին բողոքարկման անկախ մեխանիզ պետք է լինի, այսինքն՝ պետությունը պարտավոր է ոստիկանության աշխատակցների գործողությունների նկատմամբ վերահսկողություն սահմանել, այդ ինստիտուտը պետք է բողոքների արդյունավետ քննարկման այնպիսի զարգացած մեխանիզմ ունենա, որ քաղաքացու նկատմամբ խոշտանգումների ռիսկերը նվազեն: Այսօր, երբ քաղաքացին ոստիկանության աշխատակցի կողմից բռնության ենթարկվելու հայցով դատարան է մտնում, այդ դեպքում ևս դատարանը պատշաճ ուշադրություն չի դարձնում խոշտանգման ենթարկված քաղաքացուն: Բռնության ենթարկվածներից մեծ մասն իրենք իրենց կենսական միջոցների հայթայթմամբ այնքան են կախված գործատուից, որ այդ կենսական միջոցները չկորցնելու վախով պայմանավորված հաշտվում են նման անմարդկային վերաբերմունքի հետ»,- նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարն ու մի օրինակ բերում. ոստիկանության կողմից խոշտանգված քաղաքացու որդին դիմել է իրենց, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել է ու ասել, որ դե կարիք չկա գործին ընթացք տալու, իսկ այսպիսի դեպքերը շատ են:
Ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների կանխարգելման տարբերակ Սաքունցն առայժմ չի տեսնում, բացի նրանից, որ խոշտանգված քաղաքացիների հարցը պարբերաբար պետք է բարձրացվի:
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/11472