Արթուր Սաքունց. « ՌԴ-ն «ունիտազային մակարդակի» մտածողությամբ երկիր է»
11:26, September 11, 2013 | Նորություններ«Մաքսային միության փաստաթուղթը 3 էջ է եւ այնտեղ միայն նշված է, որ ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը միություն են ստեղծում: Թե ինչ նպատակով, արժեքային համակարգը որն է՝ ոչ մի խոսք չկա»,- այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպած «Համամարդկային արժեքների եւ իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում» քննարկման ժամանակ Մաքսային միության մասին այսպիսի ելույթ ունեցավ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքերով՝ «Ղազախստանը պաշտոնական զինված ուժերը օգտագործեց խաղաղ քաղաքացիների համար, ինչ է թե՝ մարդիկ դուրս էին եկել բողոքելու՝ իրենց աշխատավարձերի համար: ՌԴ-ն «ունիտազային մակարդակի» մտածողությամբ երկիր է, որը չի խորշում մասսայապես ոչնչացնել իր երկրի քաղաքացիներին Հյուսիսային Կովկասում՝ հակաահաբեկչական գործողությունների պատրվակով: Մաքսային միություն ասվածը ավտորիտար բռնապետությունների ակումբ է: Դա լծակ է Պուտինի ձեռքին՝ անձնական ամբիցիաների համար՝ նախկին Խորհրդային միությունը վերականգնելու համար: Սա է հիմնական գաղափարը»:
Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ըստ Արթուր Սաքունցի, դա մարդու իրավունքներ են, ժողովրդավարություն, էներգետիկ ռեսուրսներ, բիզնես սեկտորի բարելավում, արժեքային այն համակարգն է, որը կա մեր Սահմանադրության հիմքում. «Տնտեսական բաղադրիչներ ունի, որը զարգացման հնարավորություններ է ապահովում: Մենք ստանալու էինք մեր գոյություն ունեցող խնդիրների լուծման հնարավորությունը եւ ընդլայնվելու էինք:
ՀՀ քաղաքացիների նկատմամբ պետական մակարդակով իրականացված հանցագործության, մարդու իրավունքների խախտումների հանդուրժողականությունը պետական կառույցների կողմից հանգեցրեց այս իրավիճակին: Հ/կ-ները չեն կարող, ի վիճակի չեն այս խնդիրը միայնակ լուծելու: Իրենք իրավապաշտպաներին բանի տեղ չեն դնում, դրա համար էլ ահազանգում են, տրաքում են: Մենք պետք է հասնենք, որ Սերժ Սարգսյանի միանձնյա հայտարարությունը չշարունակվի՝ միտինգներով է լինելու, դասադուլով է լինելու…Առանց հանրային քննարկման նման հարց չի կարող լուծվել»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/09/11/384384/