Արթուր Սաքունց. Պայքարող հասարակությունը կորոշի իր անելիքը
13:24, August 28, 2013 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն | Ոստիկանություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՈստիկանության վերջին օրերի գործողությունները փաստեցին, որ այդ կառուցում կատարված բարեփոխումները մակերասային ու ձևական էին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Բարեփոխումների հիմնական գնահատականը ոստիկանության վերաբերմունքն է քաղաքացիների նկատմամբ: Այդ գնահատականները հիմնված են բազմաթիվ դիտարկումների վրա, որոնք արտացոլված են նաև Հայաստանի վերաբերյալ միջազգային զեկույցներում: Անցած տարի ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեում և Մարդու իրավունքների կոմիտեում հենց Հայաստանի վերաբերյալ զեկույցների քննարկման ժամանակ կոմիտեն արձանագրել էր ոստիկանության կողմից քաղացիների նկատմամբ բռնությունների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, խոշտանգումների դեպքեր և բոլոր այդ փաստերի վերաբերյալ անկախ քննություն իրականացնելու անհրաժեշտության մասին էր բարձրաձայնել»,- նշեց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, ճիշտ է, ոստիկանությունում ներդրումներ են կատարվել, տեխնիկական վերազինում է եղել, կադրերն են վերապատրաստվել, բայց մենք ականատես եղանք, որ իրավիճակը չի փոխվել:
«Երբ որ ոստիկանապետը հանդես է գալիս այնպիսի գնահատականներով, ինչպես երեկ է եղել Ոստիկանական քոլեջի շրջանավարտների հետ հանդիպմանը, որ իրենք շփվում են տականքների և չգիտեմ ինչ հանցագործների հետ, դա արդեն իսկ փաստում է, թե մտածողությունն ինչպիսին է: Ինքը քաղաքացու գործողությունների հետ նույնականացնում է անձին, այստեղ իրավական պետությանը բնորոշ պաշտոնատար անձի մտածողություն չեմ տեսնում: Դու պետք է գործողություններին գնահատական տաս, ոչ թե անձին, պարտավոր ես անկախ անձի արարքից, իրավական դաշտում գործել և իրավունք չունես մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորել, ինչպիսիք են նման գնահատականները»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Ոստիկանության գործողությունների վերաբերյալ նախօրեին ոստիկանությանն ու Գլխավոր դատախազությանը հանձնված նամակների պատասխաններից հետո, ըստ Սաքունցի, պայքարող հասարակությունը կորոշի իր անելիքը: Բայց անկախ նամակների պատասխանից, ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ կանցկացվեն հանրային լսումներ: Մասնավորապես, քննարկման թեմա կդառնա բարեփոխումների արդյունավետության, գործնականում կիրառման հարցերը, ինչն, Արթուր Սաքունցի խոսքով, Հայաստանի և ԵՄ միջև ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի կարևոր կետրից մեկն է: –
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/87449#sthash.bEPvkPyn.dpuf