Արտակ Զեյնալյան. ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատն անիմաստ զբաղմունք է դարձրել ՍԴ և ՄԻԵԴ դիմելը
05:36, September 20, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՍահմանադրական դատարանի՝ նախօրեի որոշումը դատական ակտերը վերանայելու համար նոր հանգամանք չի հանդիսանում: «ՍԴ-ի որոշումը շատ ավելի խորը վերլուծություններ է պարունակում և եզրափակիչ մասն ավելի մանրամասն է արձանագրում այն սահմանադրաիրավական բովանդակությունը, որը բացահայտել է ՍԴ-ն որոշման տեքստում: Այս առումով շատ ավելի լավ որոշում է՝ տեսական և միայն հետագայում գործնական նշանակություն ունեցող»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց այս գործով ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Ըստ նրա՝ թեև դիմողի՝ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի համար ևս այս որոշումը գործի վերաբացման հիմք չի հանդիսանա, «սակայն հենց այս իրավապաշտպան կազմակերպության շնորհիվ է, որ հնարավոր եղավ այս խնդիրը լուծել»: «ՍԴ-ում և ՄԻԵԴ-ում նոր գործեր շահողների համար սա կարող է օգտակար լինել»,- ասաց Ա.Զեյնալյանը՝ հույս հայտնելով, որ ՍԴ-ի երեկվա որոշման շնորհիվ՝ Հայաստանում իրավակիրառական պրակտիկան հետագայում պետք է էական փոփոխություն կրի:
Այս որոշմամբ, ըստ էության, ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միջև վեճին վերջակետ դրվեց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթին վերաբերող դրույթի սահմանադրականության հարցը որոշելիս ՍԴ-ն իր որոշման եզրափակիչ մասում ամրագրեց, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած կամ իրավունքի խաթարում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Ավելին՝ պետք է բացառվի նման ակտն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը: Բացի այդ, ՍԴ-ն արձանագրեց, որ վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու հնարավորությունը վերաբերում է միայն դատական ակտը բեկանելուց հետո գործի նոր քննության արդյունքում կայացվող նոր դատական ակտին, իսկ վերջինիս եզրափակիչ մասը չփոփոխելու հանգամանքը պետք է անպայման հիմնավորվի ծանրակշիռ փաստարկներով:
Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման պահանջով որևէ դատական ակտ ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատը գործնականում չի բեկանել: Դիմումների 92,3 տոկոսը չեն ընդունվել քննության, վերադարձվել են, իսկ 7,7 տոկոսի պարագայում վերանայման վարույթ հարուցվել է և անմիջապես մերժվել այն հիմնավորմամբ, որ դիմումում նշվածը քաղաքացու համար նոր հանգամանք հանդիսանալ չի կարող:
Ըստ Ա.Զեյնալյանի՝ ՍԴ-ի այս որոշումը Քրեական դատավարության օրենսգրքի՝ նոր հանգամանքների հիմքով գործերի վերանայման նույնանման կարգավորման դրույթի սահմանադրականության վերաբերյալ թիվ 1090 որոշման շարունակությունը կարելի է համարել: «Քրեական պալատը շատ ավելի կոնստրուկտիվ է գործել, համեմատաբար շատ ավելի արդյունավետ է մեկնաբանել իրավական նորմերը, իսկ Քաղաքացիական պալատն ուղղակի բացարձակ անարդյունավետ և անիմաստ զբաղմունք է դարձրել ՍԴ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը»,-ընդգծեց իրապաշտպանը:
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/23194