ԲՆՈՒՅԹԻ ԻՆԴԻԿԱՏՈՐ
13:33, September 11, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, ՈստիկանությունՇաբաթ օրը ՊՆ քննչական ծառայությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացրել:
ՊՆ ՔԾ եզրակացության համաձայն, նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: Հիշեցնենք, որ, ինչպես երեւում է հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի հրապարակված տեսանյութից, Տիգրան Խաչատրյանը կրակել էր Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների ուղղությամբ: Այդ օրը Ավետիք Բուդաղյանը սպանվեց, Արտակ Բուդաղյանը` ծանր վիրավորվեց:
Քննչական մարմինը ապացուցված է համարել սպանված Ավետիք Բուդաղյանի մեղքը, եզրակացնելով, որ վերջինս է կատարել սպանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով նախատեսված արարքներ: Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել նրա մահվան պատճառով։ Իսկ Արտակ Բուդաղյանի մասով գործը կարճված չէ:
Այս որոշումը ոչ միանշանակ է ընդունվել քաղաքական ուժերի եւ իրավապաշտպան կազմակերպությունների եւ, բնականաբար, Բուդաղյանների հարազատների կողմից: Նրանք կբողոքարկեն այն: Ավետիքի եւ Արտակի հայրը` Էմիլ Բուդաղյանը, գտնում է, որ քննիչը Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի դատապաշտպանի դեր է կատարել եւ դա արել է զինդատախազ Գեւորգ Կոստանյանի ուղղորդմամբ: «Եթե դատախազը հրահանգած չլիներ, ինչ իրավունք ունեին այդ գործը կարճելու: Կոստանյանը վերեւից հանձնարարական է ստացել եւ իր քննիչին դարձրել նրանց ադվոկատը: Թե ում կողմից է ստացել` Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահի, թե ում, դա ես չգիտեմ, բայց որ հանձնարարել են, դա փաստ է»,-ասաց Է. Բուդաղյանը:
«Դեպքից հետո բոլոր գործողությունները, որոնք իրավապահ մարմինների կողմից իրականացվել են, ապօրինությունների շարան է, հանցավոր անգործություն: Ավելին, այդ անգործությանը իրավական գնահատական չտալը` դատախազության կողմից, ի դեմս Գեւորգ Կոստանյանի, նույնպես կոպիտ խախտում է»,-մեկնաբանելով որոշումը՝ մեր զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Գործի քննությունը ՊՆ քննչական ծառայությանը հանձնելը նա մեծ խախտում է համարում: Իրավապաշտպանը կարծում է, որ դա քաղաքական որոշման արդյունք է: «Զինդատախազի կողմից հրապարակային արված գնահատականները` մինչեւ փորձաքննությունների անցկացումը, քննության վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ ուղղորդող նշանակություն ուներ, որը նույնպես հանցագործություն է: Նա կանխորոշում էր, թե ով է մեղավոր լինելու, ով` անմեղ»,- ասաց Սաքունցը, ՊՆ ՔԾ շաբաթօրյա որոշումն անվանելով արդարադատության բռնաբարություն օրը ցերեկով: «Ստացվում է, որ հարձակվողները տուժել են, իսկ նրանք, ում վրա իբր հարձակվել են, ոչ մի վնասվածք չեն կրել: Ավելին, «հարձակվողներից» մեկը մահացել է, մյուսը ծանր վիրավորանք է ստացել: Էն հրացանը, որ եղել է Արտակ Բուդաղյանի մեքենայում, լիցքավորված չի եղել: Հարձակվողն առանց փամփուշտների է՞ գնում»,- փաստերն ամփոփեց ՀՔԱՎ ղեկավարը: Արթուր Սաքունցի կարծիքով, ՊՆ ՔԾ այս որոշումն ուղղակի ապտակ է մեր ԶՈւ սպաներին, որով ցույց է տրվում, որ ոչ միայն սպաները պաշտպանված չեն օլիգարխներից, այլեւ ծառայեցվում են ռեժիմին: «Որոշում է կայացվել հովանավորելու Լիսկային եւ իր ընտանեկան բանդային: Բայց իր բովանդակությամբ սա նույնիսկ քաղաքական էլ չի: Սա ուղղակի մաֆիոզ մտածելակերպի տիպիկ արտահայտություն է, երբ պետական լծակները, լիազորությունները եւ գործառույթները ակնհայտորեն քրեական փիլիսոփայության եւ տրամաբանության տեսակետից են կիրառվում ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Սա մարտահրավեր է յուրաքանչյուրիս: Սա ինդիկատոր է իշխանության որակի եւ բնույթի մասին»,- ասաց իրավապաշտպանը: Մեր հարցին, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը հետեւողական կերպով շարունակում Խաչատրյանի հանդեպ հովանավորությունը, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Դե երեւի Սարգսյանի հանցագործություններն էլ կոծկել է Լիսկան: Սերժ Սարգսյանի համար Լիսկան համարվում է լավագույն գործիքներից մեկը` իր իշխանությունը պահպանելու համար: Լիսկան ունիվերսալ գործիք է»:
Սյունիքի նախկին մարզպետի որդու եւ թիկնապահի ազատ արձակման եւ գնդապետ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու ՊՆ ՔԾ որոշման վերաբերյալ զգուշավոր էին արտահայտվում որոշ քաղաքական ուժեր: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը մեր հարցերին ի պատասխան ասաց, որ հարցը չի ուսումնասիրել եւ չի կարող որեւէ բան ասել: «Էդ թեմայով ես հիմա չեմ ուզում խոսել»,-ասաց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հայտնեց, որ տեղյակ չէ այդ որոշման իրավաչափության աստիճանից, որպեսզի կարողանա բնորոշել:
Երեկ այս թեմայով ասուլիս էր հրավիրել Բուդաղյանների շահերի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը: Փաստաբանը լրագրողներին տեղեկացրել է, որ քրեական գործով մեղադրյալը մեկն է, ինչպես վերը նշեցինք` Արտակ Բուդաղյանը, իսկ տուժողը` Լորետա Բարսեղյանը, Սուրիկ Խաչատրյանի կինը:
Աղբյուրը՝ http://armtimes.com/44266