Գորիկ Հակոբյանը իրեն թույլ է տալիս քաղաքացուն վիրավորել և դրանից հետո մնալ անպատիժ…
05:46, September 6, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Սոցիալական իրավունքներ«Եթե Գորիկ Հակոբյանը իրեն թույլ է տալիս քաղաքացուն նման արտահայտությամբ դիմել և վիրավորել և դրանից հետո մնալ անպատիժ, դա նշանակում է՝ նույն կերպ նաև Սերժ Սարգսյանն է վերաբերվում մեզ: Եվ ստացվում է, ինչ որ սովորեցրել են նրան, այն էլ ինքը կրկնում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այսօր առավոտ կառավարության շենքի դիմաց գրանցված միջադեպին, երբ ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը մի ցուցարարի վիրավորել է՝ ասելով նրան «ոչխար»: Նրա կարծիքով այս ամենը խոսում է այն մասին, թե իշխանությունը ինչպիսի պատասխանատվություն և ինչպիսի վերաբերմունք ունի ՀՀ քաղաքացու նկատմամբ: «Այն քաղաքացու, որի հարկերի հաշվին ինքը գոյություն ունի որպես այդպիսին: ԱԱԾ ծառայության պետը, որը զբաղեցնում է նման պատասխանատու պաշտոն, բացարձակապես պատասխանատվություն չունի ՀՀ քաղաքացու նկատմամբ: Այս դեպքում խոսքը գնում է իշխանությունների որակի մասին»:
Ա. Սաքունցը գտնում է, որ նախ Գորիկ Հակոբյանը, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ, դեռ պետք է բացատրություն տա, թե ինչից են առաջանում իր դրամական միջոցները:
«Եթե նույնիսկ իրեն դուր չի գալիս ՀՀ քաղաքացու վերաբերմունքը, դա իրեն թույլ չի տալիս, որպեսզի նրանք այդ ձևով վերաբերվեն ՀՀ քաղաքացու նկատմամբ: Ամեն մարդ իր բերանից դուրս եկած արտահայտությունով նախ բնութագրում է ինքն իրեն: Եվ եթե իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ԱԱԾ պետը այդպես է բնութագրում, դա նրանից է, որ ինքը պատասխանատվության զգացում չունի: Նրա հայտարարագրում ներկայացված են որոշակի եկամուտներ, որոնց առաջացման և ծագման աղբյուրների մասին հաշվետու չէ հանրությանը և այդ հաշվետվության մեխանիզմը չի աշխատում… և այ հենց դրանից է, որ մարդիկ երես են առնում:
Ինքը չի հասկանում, որ հաշվետու լինելու պատասխանատվություն ունի, ու քանի որ այդ հաշվետու լինելու ինստիտուտը չկա, ինքը, բնականաբար, իրեն, որպես անպատժելի անձ, նման ձևով է դրսևորում: Գորիկ Հակոբյանը թող բարի լինի նախ բացատրի, թե 2012 թ-ի հայտարարագրերի վերաբերյալ ինչու տվյալներ չկան և 2011 թ-ին նրա միջոցները անձնական եղել են 19 մլն 600 հազար, իսկ տարվա վերջին 23 մլն 500 հազար, թող բացատրի, այն դեպքում, երբ իր դրամական աշխատավարձը և սեփական եկամուտները կազմել են 6 մլն 879 հազար դրամ:
Երկրորդ, թող բացատրի, թե պետական պաշտոնատար անձը բացի աշխատելուց բիզնեսով զբաղվելու և այլ իրավունք չունի, ինչպես է առաջացել նրա այդ եկամուտը:
Ինքը պարտավոր է այդ ամենի մասին ներկայացնելու հաշվետվություն, բացատրի այդ փողերի առաջացման աղբյուրների օրինականության մասին տվյալները: Դրանք էլ նախաքննության առարկա են դառնալու»:
Ա. Սաքունցը գտնում է նաև, որ ՀՀ ոստիկանությունը պետք է որպես հաղորդում ընդունի և քննության առնի Գորիկ Հակոբյանի վիրավորական արտահայտությունը ցուցարարին և պարզի դրա հիմքերը և դրամական փոխհատուցում պահանջի նրանից:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/artur-saqunc-gorik-hakobyan.html