Դատապարտյալները անվտանգության երաշխիքներ չունեն
07:22, February 4, 2013 | Նորություններ | Կյանքի իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՀայաստանում իրավական պաշտպանվածության աստիճանը խիստ ցածր մակարդակի վրա է և դա պայմանավորված չէ միայն իրավական գիտակցության ցածր մակարդակով։ Ցավոք, դա պայմանվորված է իրավական համակարգի նկատմամբ անվստահությամբ և անպաշտպանվածությամբ: Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Կալանավայրերում հիմնական հանցագործությունները թմրամիջոցների փոխանցումն է, ինչը կարծես թե բոլորին է հայտնի»,- «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա.Սաքունցը՝ հավելելով, որ իրականում իրավապահ մամինների կողմից կազմված արձանագրությունները՝ թմրամիջոցի փոխանցման դեպքերի վերաբերյալ՝ երևույթի շատ քիչ մասն է կազմում:
Ըստ նրա, քրեակատարողական հիմնարկում հանցագործության աղբյուրը կարող է լինել կոռուպցիան, սակայն այդ ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվում: Թմրամիջոցների բիզնեսը գոյություն ունի բոլոր երկրներում, իսկ ՔԿՀ-ներում, որտեղ այնպիսի կալանավորներ կան, ովքեր հենց թմրանյութի շրջանառության համար են դատապարտվել, դժվար թե հրաժարվեն դրանց ապօրինի շրջանառությունից անգամ գտնվելով փակ հիմնարկում:
2012 թվականին արձանագրված հիմնախնդիրների թվում մեր զրուցակիցն առանձնացրեց նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը։ Սաքունցի խոսքով՝ «Քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության պարագայում առաջանում է դեֆիցիտ, իսկ որտեղ կա դեֆիցիտ այնտեղ կա կոռուպցիա: Եթե ՔԿՀ-ներում խցերը սահմանված է 8 հոգու համար, իսկ այնտեղ պահվում են մինչև 20 մարդ, սա արդեն իսկ հանցագործություն է և մարդու իրավունքների խախտում: Իհարկե քրեական օրենսգիրքը չի սահմանում դա որպես քրեորեն հետապնդելի արարք, սակայն վերջինս դա գնահատում է որպես մարդու իրավունքների խախտում:
Իսկ թե ինչու՞ չեն բողոքում դատապարտյալներն ու կալանավորները ստեղծված իրավիճակից:
«Անվտանգության երաշխիքներ չունեն»,- նշում է Սաքունցն ու հավելում հնարավոր է բողոքելու դեպքում ենթարկվեն լրացուցիչ ճնշումների կամ էլ ավելի վատթարանա իրենց կյանքը:
Ինչ վերաբերվում է ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների առկայությանը՝ Սաքունցը վստահորեն նշում է, «ակնհայտ է, որ ՔԿՀ-ի աշխատակազմի միջոցով է դա հասնում դատապարտյալին, իսկ այդ փոխանցումը ոչ մեկի «սիրուն աչքերի համար» չի կատարվում: Ոչ կոռուպցիայի մեջ մտնողը և ոչ կոռուպցիայից օգտվողը շահագրգռված չէ այդ մասին բարձրաձայնելուն»:
«Մահացության դեպքերը ՔԿՀ-ներում աճել են 4 անգամ, բայց բողոքներ, որ մահերը հետևանք են բժշկական ծառայության ոչ պատշաճ իրականացման, չեն ստացվում։ Մահացած դատապարտյալի հարազատները շատ հաճախ չեն պահանջում քննություն իրականացնել և պարզել, թե ինչն է դարձել դատապարտյալի մահվան բուն պատճառը»,- նշում է Սաքունցն ու հավելում, որ խոշտանգումների կարգավորման կոնվենցիայով պետությունը պարտավոր է քննություն իրականացնել անկախ գանգատի առկայությունից, իսկ Հայաստանում այդ խնդիրը օրենսդրորեն կարգավորված չէ: