ԵՄ-ն պատշաճ ուշադրություն կդարձնի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը. Սաքունց
06:13, November 25, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններHuman Rights Watch-ի՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին վերջերս հրապարակված գնահատականը պետք է համարել ԵՄ-ին ուղղված կոչ՝ առավել հետևողական լինել Արևելյան գործընկերության երկրներում մարդու իրավունքների հարցին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Հայաստանում մարդու իրավունքների հարցին ԵՄ կառույցների՝ ժամանակին ցուցաբերած անհետևողական վարքագծի արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք, և սա անխուսափելի էր: ԵՄ անդամ երկրները կամ եվրոպական կառույցները չպետք է զարմանան, քանի որ ժամանակին Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին բազմաթիվ ահազանգեր են եղել: Բայց քանի որ դրանց պատշաճ ուշադրություն չի դարձվել, ապա մեր երկրի մասին Human Rights Watch-ի հնչեցրած վերջին գնահատականները շատ տեղին են: Այս հայտարարությունը մինչև սեպտեմբերի 3-ը և մինչև վիլնյուսյան գագաթնաժողովը տեղի ունեցած իրադարձությունների ամփոփումն է»,- ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունից առաջ Հայաստանում առկա խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել են նաև իրենք: «Մենք խոսել ենք ընտրությունների կեղծման մասին, հայտարարել, որ եվրոպական կառույցները պատշաճ ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքի վրա: Ահա այս ամենի արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին: Այնպես որ՝ Human Rights Watch-ը եկավ արձանագրելու այն, ինչի մասին մենք միշտ էլ բարձրաձայնել ենք»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ամփոփելով՝ իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ իրավապաշտպան կազմակերպության գնահատականներն արդյունք կտան: «Սրանում բոլորը կհամոզվեն շատ մոտ ապագայում: ԵՄ-ն անպայման կշտկի իր մոտեցումները և միանգամայն պատշաճ ուշադրություն կդարձնի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Human Rights Watch-ը օրերս հայտարարել էր, որ Եվրամիությունը Արևելյան գործընկերների հետ հարաբերություններում պետք է կենտրոնանա մարդու իրավունքների վրա և սկզբունքային մոտեցում ցուցաբերի նախկին խորհրդային հարևանների հետ հարաբերությունները խորացնելիս:
Հայաստանին վերաբերող հատվածում իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով մարդու իրավունքների վիճակին,նկատել էր, որ վերջին տարիներին Հայաստանում համապետական ընտրությունները անցնում են կեղծիքներով և թերություններով, և փետրվարին տեղի ունեցած վերջին ընտրությունները, որի ժամանակ հաղթանակ տարավ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, բացառություն չեն:
Խաղաղ ցուցարարների դեմ անհայտ անձանց հարձակումների հետաքննության տապալումը, ինչպես նաև բանակում խաղաղ պայմաններում մահվան բազմաթիվ դեպքերը ևս տագնապալի են՝շեշտել էր իրավապաշտպան կազմակերպությունը:
Հայաստանյանիրավապաշտպաններին հղում անելով՝ Human Rights Watch-ը նշել էր, որոստիկանությունում դեռ առկա են կտտանքները և դաժան վերաբերմունքը, իշխանությունները հաճախ հրաժարվում են հետաքննել դաժան վերաբերմունքի մասին բողոքները կամ դաժան վերաբերմունքի զոհերին ճնշումներով ստիպում են հրաժարվել իրենց բողոքներից:
Հեռարձակող լրատվամիջոցները, ըստ իրավապաշտպան կազմակերպության, չեն ապահովում բազմակարծություն, բացի այդ՝ եղել են լրագրողների նկատմամբ բռնությունների մի քանի դեպքեր:
«Սեռական կողմնորոշման պատճառով բռնություններն ու խտրականությունը նույնպես լուրջ խնդիր են Հայաստանում»,- նշել էր իրավապաշտպան կազմակերպությունը:
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_232570.html