Ընտրություններ 2013. մի շարք քաղաքացիների ընտրական իրավունքը Հայաստանում խախտվում է
20:31, February 12, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՔաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և ընտրական գործընթացներում ներգրավված կուսակցությունների ներկայացուցիչները համարում են, որ հասարակության մի շարք խմբերի ընտրական իրավունքը խախտվում է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ բարձրաձայնեց կալանավորված անձանց, զինված ուժերում ծառայողների և արտերկրում բնակվող անձանց ընտրական իրավունքի խախտման հարցը: Սաքունցի խոսքով` կալանավորվածների և զինվորների համար հասանելի չեն բոլոր թեկնածուների ծրագրերը, բուկլետները, թեկնածուները հնարավորություն չեն ստանում գնալ զորամասերում նախընտրական հանդիպումներ անցկացնելու, մինչդեռ գործող նախագահն ունի զորամասեր այցելելու, զինվորների հետ շփվելու հնարավորություն: «Բայց չէ՞ որ բանակը ոչ միայն նախագահ է ընտրում, այլ նաև գլխավոր գերագույն հրամանատար, այնպես որ նրանք պետք է կարողանան ծանոթանալ բոլոր պոտենցիալ գերագույն գլխավոր հրամանատարի ծրագրերին»,- ասում է Սաքունցը:
Անդրադառնալով արտերկրում ապրող անձանց չիրացվող ընտրական իրավունքի խնդրին (վերջիններս 2003 թվականից ի վեր քվեարկելու հնարավորություն չունեն)` Սաքունցն ասաց` պետությունը պարտավոր է կազմակերպել նրանց քվեարկությունը:
«Արտերկրում ապրողների մասին ասում են` իրավունք չունենք նրանց ցուցակից հանելու, որովհետև նրանք ընտրական իրավունք ունեն: Դե որ ընտրական իրավունք ունեն, ուրեմն բարի եղեք ապահովել նրանց ընտրելու հնարավորությունը: Անտրամաբանական է»,- ասում է Սաքունցը:
Նկատենք, որ ընդդիմադիր թեկնածուները բազմիցս բարձրաձայնել են Հայաստանից բացայակող անձանց տվյալները ընտրացուցակներից հանելու հարցը: Ընդդիմությունը տարիներ շարունակ պնդում է, որ Հայաստանից բացակայող մոտ կես միլիոն մարդու քվեն օգտագործվում է հօգուտ իշխանական թեկնածուի:
Մինչդեռ քննարկմանը ներկա ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն ասում է, որ տեխնիկապես անհնար է Հայաստանից բացակայողների տվյալները ընտրացուցակներից հանել (քանի որ նման տվյալ հնարավոր է ստանալ միայն անհատական որոնման սկզբունքով), բացի այդ, Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է իրենց այդ տվյալները հրապարակել:
«Բացառապես անհիմն և ապօրինի պահանջ է` ուղղված ոստիկանությանը: Անձի վերաբերյալ տվյալները կարող են տարածվել միայն այն դեպքում, երբ օրենքը լիազորել է պետական մարմնին և պաշտոնական անձին այդ տեղեկատվությունը տարածելու: Եթե օրենքը չի լիազորել, անօրինական է անձի վերաբերյալ տեղեկատվությունը տարածել, դա պատժելի արարք է: Հետաքրքիր է` քանի՞ ընտրող Հայաստանի Հանրապետությունում կուզենար, որ Հայաստանից բացակայելու իր տվյալը հանրային սեփականություն դառնար: Չէ՞ որ դա հետամտություն է անձի նկատմամբ բառիս բուն իմաստով»,- ասում է Քոչարյանը:
Աղբյուրը՝ http://armenianow.com/hy/vote_2013/43397/armenia_presidential_election_media_center_discussion