Ինչպես Զարուհի Փոստանջյանը ունի խոսքի ազատության իրավունք, այդպես էլ՝ ես․ Խաչիկ Ասրյան
05:49, October 16, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունԵրեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել է Գևորգ Կոստանյանին՝ հարուցել քրեական գործ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ Խաչիկ Ասրյանի նկատմամբ և նրան ենթարկել պատասխանատվության՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի, այն է՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը…» համարվում է հանցագործություն և նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Թե ինչ է պատրաստվում անել Խաչիկ Ասրյանը այս պարագայում, Newsbook.am փորձեց ճշտել հենց իրենից։ «Ես Զարուհի Փոստանջյանի հետ կապված իմ հարցի մեկանբանությունները այսուհետև չեմ մեկնաբանում, որովհետև հստակ ասել եմ, որ այն, ինչ ես ասել եմ, ամբողջությամբ փոխաբերական իմաստ է արտահայտել։ Ոչ թե նրա մարմինը այրել, այլ նրա պահելաձևը, այդ երևույթը ԵԽԽՎ դահլիճում», – մեր հարցին ի պատասխան նշեց «Հայոց արծիվներ» հ/կ-ի ղեկավարը։
Հարցին, թե փաստորեն Ասրյանը կարծում է, որ անարդար է իր նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջը, վերջինս նշեց․ «Իհարկե, որովհետև այնպես, ինչպես Զարուհի Փոստանջյանը ունի խոսքի ազատության իրավունք, այդպես էլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում նաև ես, ունեմ խոսքի ազատության, արտահայտվելու իրավունք, ինչը որ ես արել եմ»։
ՀՀԿ խորհրդի անդամը բացառեց իր խոսքի մեջ քրեական որևէ տարրի առկայությունը։ «Ուղղակի փոխաբերական իմաստով արտահայտել եմ, որ պետք է փոշիացնել նրա արարքը, վերաբերմունքը, մեր պետականության սիմվոլների դեմ լկտի արտահայտությունները», – պարզաբանեց նա։
Ասրյանը նշեց, որ չի կարող ասել՝ իր նկատմամբ գործ կհարուցվի՞, թե՞ ոչ, և որ այդ հարցին պատասխանելը իր իրավասությունների մեջ չի մտնում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ լիովին վստահում է Հայաստանի արդարադատության համակարգին։
«Առանց մի գրամ կասկածելու, միանշանակ հավատում եմ Հայաստանի՝ արդեն իսկ կայացած իրավական համակարգի ճշմարտացիությանը և արդարությանը», – համոզմունք հայտնեց Ասրյանը։
Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք Ասրյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հարկ եղած դեպքում կպաշտպանի իրեն՝ Ասրյանը պատասխանեց, որ նախագահը որևէ մեկին չի պաշտպանում, և բոլոր գործընթացները այդ դաշտում տեղի են ունենում օրենքի սահմաններում։ «Համենայն դեպս ես վստահ եմ, որ իմ խոսքերի մեջ որևէ հանցագործություն պարունակող, քրեական ուղղություններ ենթադրող ոչինչ չի եղել, և հնարավոր չէ՝ լիներ, ինքս ինձ լավ ճանաչելով», – իր խոսքը եզրափակեց Ասրյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Yerkir.am-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղած հարցին, Ասրյանը նշել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’ Արկի, այլ՝ որպես Ռամիլ Սաֆարովի»։ Հոկտեմբերի 11-ին Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել էր ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ապահովելու իր և իր ընտանիքի անվտանգությունը, քանի որ Ասրյանը կարող է փորձ կատարել այս կամ այն եղանակով իրականացնելու Փոստանջյանի նկատմամբ հաշվեհարդարի վերաբերյալ իր կոչերը։
Աղբյուրը՝ http://newsbook.am/archives/12590