Իրավունքի խաթարում թույլ տված դատական ակտերը պետք է բեկանվեն
05:40, September 20, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի մասով, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto (փաստի ուժով) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած ակտի և (կամ) կոնվենցիոն իրավունքի խաթարում թույլ տված դատական ակտի բեկանմանը՝ բացառելով այն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը:
Վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու հնարավորությունը վերաբերում է միայն դատական ակտը բեկանելուց հետո գործի նոր քննության արդյունքում կայացվող նոր դատական ակտին, իսկ վերջինիս եզրափակիչ մասը չփոփոխելու հանգամանքը ծանրակշիռ փաստարկներով հիմնավորելու պարտադիր նորմատիվ պահանջը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիք:
Այս մասին որոշումը, որը վերջնական է և ուժի մեջ է մտնում է հրապարակման պահից, ՍԴ-ն կայացրել է այսօր՝ ելնելով «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից: «Ինձ թվում է՝ դատարանն արտահայտել է այստեղ բոլորի՝ և պատասխանող, և դիմող կողմերի ընդհանուր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ»,-նշեց որոշման եզրափակիչ մասը հրապարակած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ որոշումը «պարտադիր ձևով կկիրառվի դատական պրակտիկայում»:
Նա ընդգծեց, որ բավականին ծավալուն՝ 21 էջից բաղկացած ՍԴ որոշման մեջ մանրամասն շարադրված են ՍԴ-ի մոտեցումները, որպեսզի իրավակիրառական պրակտիկայում այլևս խնդիր չառաջանա, նաև՝ այդ պրակտիկայի վերաբերյալ դիրքորոշումը: Ըստ Գ.Հարությունյանի՝ մասնավորապես, արձանագրելով նաև, որ հիմնականում շրջանցվում է վեճի առարկա հոդվածի պահանջի ուղղակի իրացումը, և նկատի ունենալով, որ նախորդ որոշումների կատարման հարցում հետևողականություն չէր դրսևորվում, քանի որ հիմնական դիրքորոշումներն արտահայտված էին որոշման պատճառաբանական մասում, ՍԴ-ն եկել է այն համոզման, որ իր որոշման եզրափակիչ մասը պետք է ինչ-որ առումով վերջակետ դնի, ուստի` դատարանը փորձել է իր դիրքորոշումը հստակ արտահայտել որոշման եզրափակիչ մասում:
Նշենք, որ բանավոր ընթացակարգով կազմակերպված այսօրվա դատական նիստում ՍԴ նախագահը հրապարակել էր ուշագրավ տվյալներ: Նոր հանգամանքների հիմքով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի՝ 2006 թվականից մինչև 2013թ. սեպտեմբերը քննության առնված բոլոր գործերով ընդունած որոշումների ուսումասիրության արդյունքում պարզվել էր, որ «ընդհանուրը բոլոր որոշումների համար հետևյալն է. դիմումները չընդունել քննության, վերադարձնել»:
Ըստ Գ.Հարությունյանի՝ 150 որոշումների 92,3 տոկոսի պարագայում հենց այդպես էլ վարվել են, իսկ 7,7 տոկոսի պարագայում վերանայման վարույթ հարուցվել է և անմիջապես մերժվել այն հիմնավորմամբ, որ դիմումում նշվածը քաղաքացու համար նոր հանգամանք հանդիսանալ չի կարող:
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/node/23113