Լիա Միսակյանի մահվան դեպքով հարուցված գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը
17:42, April 28, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեց դատակոչված վկա, «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի հերթապահ բուժքույր Սուսաննա Իսպիրյանը:
Վերջինս հայտնեց, որ 2013 թ. հունվարի 1-ին հերթապահել է բոքսային բաժանմունքի 2-րդ մասում՝ 8-15 հիվանդասենյակներում, Լիա Միսակյանը գտնվել է մյուս բուժքրոջ՝ Արմինե Կարապետանի հսկողության ներքո, այդ իսկ պատճառով էլ չի կարող դեպքի հետ կապված մանրամասներ հայտնել: Վկան հայտնեց, որ այդ օրը հերթապահ բժշկուհին եղել է Զարինե Այվազյանը: Ս. Իսպիրյանը մեղադրողի հարցերին ի պատասխան հայտնեց, որ բժշկական կենտրոնի ներքին հեռախոսով բոքսային բաժանմունք ստացված զանգերը հնարավոր չէ չլսել, իսկ հունվարի 1-ին «պոստում» գտնվելու ընթացքում լաբորատորիայից զանգ չի եղել: Բացի այդ, վկան հայտնեց, որ սովորաբար հիվանդից արյան անալիզ վերցվում է հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի հարցին ի պատասխան բուժքույր Ս. Իսպիրյանը հայտնեց, որ հերթապահության օրը ունեցել է ծանր ծանրաբեռնվածություն, քանի որ ի տարբերություն սովորական օրերի, տոնական օրերին 3 բուժքրոջ փոխարեն (որից մեկը ցերեկային բուժքույր է և աշխատում է մինչև ժամը 17:00-ն) բաժանմունքում հերթապահություն իրականացնում են 2 բուժքույր: Վկան հայտնեց, որ երեխայի մահվան մասին տեղեկացել է հունվարի 4-ին, չնայած հաջորդ հերթապահությունն իրականացրել է հունվարի 6-ին: Լիա Միսակյանի մահվան մասին բուժքրոջը տեղեկացրել էին հեռախոսով, բայց նա կոնկրետ չհիշեց, թե ով է իրեն հայտնել այդ մասին, ինչպես նաև հայտնեց, որ չնայած հետաքրքրվել է մահվան պատճառների մասին, սակայն նրան ոչ ոք չի կարողացել հստակ պատասխան տալ, թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը: Վկան հայտնեց, որ հունվարի 1-ին անալիզի նմուշ չի վերցրել, սակայն այդ օրը անալիզներ եղել են: Արթուր Սաքունցը փորձեց պարզել, թե ինչ անալիզներ են եղել դրանք, եթե այդ օրը բուժքույրն արյան նմուշ չի վերցրել, սակայն Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանն առարկեց հարցին: Դատավորը բավարարեց առարկությունը՝ գտնելով, որ հարցը չի վերաբերում մեղադրանքին: Արթուր Սաքունցը հայտնեց, որ ունի հիմնավոր կասկած, որ տոնական օրերին «Արաբկիր» ԲԿ-ի լաբորատորիան չի աշխատել:
Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը վկայից ճշտեց, թե արդյոք բժշկական կենտրոնում գոյութուն ունի կարգ առավոտյան շրջայցից բացի այլ շրջայց կատարելու մասին: Վկան հայտնեց, որ հերթապահ բժիշկը առավոտյան շրջայցից բացի պարտադիր պետք է ևս երկու անգամ շրջայց կատարի բոլոր հիվանդասենյակներով: Պաշտպանի հարցին ի պատասխան Ս. Իսպիրյանը հայտնեց, որ իր հերթապահության ժամանակ Զարիեն Այվազյանը կատարել է ևս երկու շրջայց:
Քանի որ գործով դատակոչված վերջին վկան՝ «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի հեթապահ բուժքույր Արմինե Կարապետյանը, հարգելի պատճառով բացակայում էր դատական նիստից, գործի քննությունը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 30-ին ժամը 12:00-ին: Վկաների հարցաքննությունից հետո դատարանը կանցնի գործում առկա փորձագիտական եզրակացությունների հետազոտմանը և փորձագետների հարցաքննությանը: