Խորը մտահոգություն իրավապաշտպանի նկատմամբ անօրինական ձերբակալության ընթացքում բռնություն կիրառելու կապակցությամբ
00:00, June 13, 2009 | Մամլո հաղորդագրություններՄամլո հաղորդագրություն
Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը,
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ, իրենց խորը մտահոգությունն են արտահայտում իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի նկատմամբ 2009թ.հունիսի 5-ին անօրինական ձերբակալության ժամանակ բռնություն գործադրելու կապակցությամբ:
Պրն. Արշալույս Հակոբյանը, Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ է և կազմակերպության պաշտոնական կայքէջի լուսանկարիչ: Մայիսի 31-ին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Արշալույս Հակոբյանը դիտորդական առաքելություն է իրականացրել մի խումբ դիտորդների հետ:
Որպես Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, պրն. Հակոբյանը այլ դիտորդների հետ միասին այցելել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի N 8/23 ընտրական տեղամաս, որտեղ ընտրական հանձնաժողովի անդամները և նախագահը խոչընդոտել են նրանց աշխատանքին՝ թույլ չտալով իրականացնել դիտորդական առաքելություն: Խմբին տեղամասից դուրս են հրավիրել, փակել դռները և սպառնացել ֆիզիկական ուժ գործադրել:
Միջադեպից հետո պրն. Հակոբյանը բողոք է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: 2009թ. հունիսի 5-ին նա կանչվել է քննչական ծառայություն՝ վկայություն տալու համար, սակայն հրաժարվել է գնալ, պնդելով, որ կայցելի քննչական ծառայություն միայն այն դեպքում, երբ իրեն առձեռն ծանուցագիր կհանձնեն: Ավելի ուշ, երկու ոստիկան ծանուցագրով գնացել են Հակոբյանի բնակարան: «Ծանուցագրում», սակայն, նշված չի եղել քրեական գործի մասին որևէ տեղեկություն կամ իրեն կանչելու պատճառը:
Հակոբյանը հրաժարվել է ստորագրել թուղթը՝ պնդելով, որ այն օրինական չէ: Սակայն ոստիկանները ճնշում գործադրելով կարողացել են հարկադրել նրան ստորագրել: Հակոբյանը, ով այդ պահին չէր կրում իր կոնտակտային լինզաները, սխալ տեղում է դնում իր ստորոգրությունը, ինչը խիստ զայրացնում է ոստիկաններին: Չնայած Հակոբյանի պահանջներին լքել իր բնակարանը, ոստիկանները լրացուցիչ օգնություն են կանչում և Հակոբյանին բերման են ենթարկում Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ նրան ենթարկում են ծեծի և այլ դաժան վերաբերմունքի, նաև թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի հետ: Այնուհետև, նրան ձեռնաշղթաներով տանում են Կենտրոնի քննչական բաժին, ապա մեղադրանք են առաջադրում ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով.«իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Հարցաքննությունից հետո նրան տեղափոխում են ձերբակալվածներին պահելու վայր: Այժմ պրն. Հակոբյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
2009թ. հունիսի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց Հակոբյանի նկատմամբ կիրառել կալանավորում: Դատավարության օրը դեռևս հայտնի չէ. ընթանում է նախաքննություն:
Ներկայումս պրն. Հակոբյանը հնարավորություն ունի կապ պահպանել իր ընտանիքի հետ և տեսակցել փաստաբանին: 2009թ. հունիսի 11-ին ՀՀ ԱԴ հասարակական դիտորդական խումբը, որը բաղկացած է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այցելել է պրն. Հակոբյանին և արձանագրել բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ մարմնի տարբեր մասերում (ոտքեր, ձեռքեր, մեջք և գլուխ): Բժշկական զննության արդյունքում Հակոբյանի ստացված վնասվածքները գրանցվել են նրան քրեակատարողական հիմնարկ ընդունելու պահին:
Մեր կազմակերպություններն իրենց խորը մտահոգությունն են հայտնում պրն. Արշալույս Հակոբյանի անօրինական ձերբակալման կապակցությամբ և խստորեն դատապարտում են նրա դեմ կիրառված դաժան և անմարդկային վերաբերմունքը, որն, ըստ ամենայնի, ուղղված է եղել նրա իրավապաշտպան գործունեության դեմ, եւ կոչ են անում Հայաստանի իշխանություններին ապահովել նրա ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը՝ համաձայն 1998թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների մասին հռչակագրի, Եվրոպական խորհրդի նախարարական հանձնաժողովի իրավապաշտպանների անվտանգության ապահովման մասին հռչակագրի, ինչպես նաև իրավապաշտպանների և մարդու իրավունքների ազգային կառույցների նկատմամբ ԵԱՀԿ-ի ներգրավածության բարձրացման մասին ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. բանաձևի:
Մեր կազմակերպությունները նաև հորդորում են Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել պրն. Հակոբյանին առանց նախապայմանների, վերը նշված փաստերի առկայությամբ իրականացնել անհապաղ, արդյունավետ, բազմակողմանի և անաչառ քննություն՝ արդյունքների հրապարակմամբ, որպեսզի ի հայտ գան բոլոր պատասխանատուները և բերվեն անկախ ու անկողմնակալ դատարանի առջև՝ օրենքով սահմանված կարգով պատժվելու համար: Վերջ դնել Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումներին:
Մեր կազմակերպությունները նաև կոչ են անում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին ստեղծված իրավիճակում գործել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանների մասին հռչակագրի 4-րդ պարբերության համաձայն: Մենք նաև հորդորում ենք Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանություններին կոչ անել Հայաստանի իշխանություններին գործելու միջազգային նորմերի և չափանիշների համաձայն և գործողություններ ձեռնարկել վերոնշյալ մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ, համաձայն ԵՄ-ի մարդու իրավունքների պաշտպանների մասին ուղենիշների:
Փարիզ – ժնև- Երևան, հունիսի 12, 2009.
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել
FIDH, Կարին Ափի,, + 33 1 43 55 25 18
OMCT, Դելֆին Ռեկուլաու + 41 22 809 49 39
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, +374 10 574317
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.hra.am/am/point-of-view/2009/06/12/fidh