Ծովինար Նազարյանը հերքում է Գեւորգ Կոստանյանի պնդումները
11:45, October 1, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Քաղաքացիական վերահսկողությունԱզգային ժողովում այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանին, որը պատասխանում էր պատգամավորների հարցերին, հարցեր ուղղեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հարցերից մեկն առնչվում էր 2010 թ. «Մեհրաբներ» զորամասում զոհված սպա Արտակ Նազարյանի գործին: Պարոն Բագրատյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ կասի գլխավոր դատախազի թեկնածու զինդատախազը Արտակ Նազարյանի հարազատների այն պնդման մասին, որ չի կարելի Արտակի մահը ինքնասպանություն որակավորել, եւ որպես ապացույց ներկայացնում են, որ Արտակին ամրագրված 120 փամփուշտները տեղում են եղել, չեն պակասել:
Գեւորգ Կոստանյանն ի պատասխան հիշեցրեց, որ Արտակ Նազարյանի գործը հիմա Վճռաբեկում է, «ամբաստանյալները, ովքեր նրան հասցրել են ինքնասպանության, անազատության մեջ են», եւ նաեւ ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչպես է պատահել, որ փամփուշտները լրիվ են, բայց գիտի, որ դատաձգաբանական հետազոտությունը պարկուճ-գնդակ-զենք համադրությամբ հաստատել է, որ «այդ պարկուճը այդ զենքից եւ այդ գնդակով խոցել է մեր տուժողին»: Նաեւ ասաց, թե «ցանկացած փաստարկ, որ հնչել է, ես հրավիրել եմ տուժողի իրավահաջորդին, փաստաբանին եւ տվել եմ ամբողջական պատասխան»: Այս խոսքերից կարելի էր ենթադրել, որ տուժողի իրավահաջորդը, փաստաբանը, ստացել են իրենց հարցերի «ամբողջական պատասխանները», բավարարվել են: Սակայն «Առավոտ»-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի իրավահաջորդը՝ Ծովինար Նազարյանը, ասաց տրամագծորեն հակառակը. «Ինքը ստախոս է: Մենք բնականաբար բավարարված չենք եղել: Այդ հանդիպումից հետո «Առավոտ»-ում Նաիրա Մամիկոնյանը մեզ հետ՝ ինձ հետ եւ այդ հանդիպմանը ներկա եղած Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցել է եւ մեծ հոդվածներ է տպագրել: Հենց դրանցից պարզ է, թե որքան դժգոհ էինք այդ հանդիպումից, ի՞նչ ամբողջական պատասխանի մասին է խոսքը»:
Այդուհանդերձ, ինչպե՞ս է զինդատախազը բացատրել այն փաստը, որ Արտակին ամրակցված 120 փամփուշտներն էլ տեղում են եղել: Ծովինար Նազարյանը ասաց. «Ոչ մի ձեւով էլ չի բացատրել: Իրենք ասում են, որ միջին ավտոմատը կարող է պարունակել 30-ից ավելի փամփուշտ՝ 31 կամ 32: Մենք դա չենք հերքում, չնայած շատ փորձագետներ ասում են՝ չի կարող, բայց, քանի որ դա վիճելի է, մենք չենք հերքում: Բայց փաստը մնում է փաստ, որ իր մահից առաջ Արտակը ստացել է 120 հատ փամփուշտ: Իր մահից հետո դրանք բոլորն էլ տեղում են եղել՝ երեք պահունակներում՝ 30-ական, չորրորդ պահունակը եղել է ավտոմատի վրա՝ մեջը 29 փամփուշտ, մի փամփուշտ էլ եղել է ավտոմատի փողի մեջ, եղավ 120, բոլորն էլ տեղում են եղել: Հիմա՝ որտեղի՞ց այդ փամփուշտը, որով Արտակն, իբր, ինքն իրեն սպանել է: Նրանք դեպքի վայրից հայտնաբերել են մի պարկուճ, ուղարկել են փորձաքննության: Փորձաքննության եզրակացության մեջ նշված է ուրիշ համարի պարկուճ, իրենք ասում են՝ նույն համարն է, ուղղակի թարս են կարդացել, թե ո՞նց են 78 թիվը թարս կարդացել՝ չեմ պատկերացնում: Իմ ենթադրությունն այն է, որ քննիչը, որը իր իսկ խոստովանությամբ՝ տեղում փորձնական կրակոցներ է արել, այդ փորձնական կրակոցները հենց նրա համար է արել, որպեսզի Արտակի զենքից կրակված պարկուճ ստանա, որովհետեւ դեպքի վայրում ընկած պարկուճը ոչ մի կապ չէր կարող ունենալ Արտակի զենքի հետ: Ակնհայտ է, որ դա չէր կարող լինել Արտակինը: Որովհետեւ, եթե դու մի մարդ ես, որ , եթե ինքնասպան ես լինում, ինչի՞ պիտի «լեվի փամփուշտ» վերցնես, որ ի՞նչ, որ պակասո՞րդ չունենաս զորամասում: Է՞դ էր մնացել դարդը…. Հենց մենակ էդ մի փաստը հերքում է ինքնասպանության փաստը: Բայց նման ապացույցները բազմաթիվ են: Այդ թվում նաեւ այն, որ ավտոմատի վրայից ջնջել են բոլոր մատնահետքերը»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/09/30/391423/