Կամ վախենում են օլիգարխից, կամ էլ…
08:23, June 25, 2012 | Նորություններ | ՈստիկանությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է «Հարսնաքարում» տեղի ունեցած հանցագործությանը
Ոստիկանապետ ՎլադիմիրԳասպարյանը «Հարսնաքարում» տեղի ունեցած հանցագործության վերջնական բացահայտմանհամար ասել է, որ ամեն ինչ կարվի, կպատժվեն մեղավորները մինչև վերջ: Գրեթե բոլորը կատարվածը դատապարտում են, արդյոք սա կնպաստի՞ գործի արդար քննությանը:
Կատարվածն առանձնահատուկ ուշադրության դեպքերի թվում է ոչ թե տուժողների կարգավիճակի, այլ պատճառի տեսակետից, և ակնկալում էի, որ իրավապահ մարմինները պետք է ավելի խիստ, ավելի օպերատիվ և ավելի հրապարակային լինեն: Ցավոք սրտի, միայն ֆեյսբուքյան քննարկումներից հետո ոստիկանությունը երեկ հայտարարություն տարածեց: Ավելին, Ռուբեն Հայրապետյանը միայն երկու օր առաջ արձագանքեց կատարվածին, իսկ մինչ այդ զարմանալիորեն լռում էր: Ես չեմ հասկանում Ռուբեն Հայրապետյանի այն խոսքերը, որ ինքը բոլորին կպատժի, ինչպե՞ս պետք է պատժի, այսինքն՝ ինքը շարունակում է նույն վարքագի՞ծը, թե ինքն էլ կարող է պատժիչ ֆունկցիա իրականացնել, ինչպես ինքն է ասում՝ իր ընտանեկան բիզնեսի կառույցներից մեկի անվտանգության աշխատակիցների նկատմամբ: Ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ օրենքի առջև բոլորը հավասար են, երկու կամ երեք օրը երկա՞ր ժամանակ չէ, որ ոստիկանությունը գլխի ընկնի, որ օրենքի առջև հավասարության սկզբունքը պետք է աշխատի: Այսինքն` ուշացումն ավելի շատ պայմանավորված էր նրանով, թե ինչպես իրենք դրսևորեն իրենց, որովհետև թե ոստիկանության և թե Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը ժամանակային առումով համընկնում են, ինչն էլ ապացուցում է, որ տեղի է ունենում ոչ թե հարցի իրավական գնահատականի վերլուծություն, այլ խնդրին քաղաքական նպատակահարմարության տեսակետից մոտեցում: Այսինքն՝ մարդիկ հանդիպել են, քննարկել են և տեսնելով, թե ինչպես է հանրությունը կատարվածի նկատմամբ արձագանքում, եկել այն համոզման, որ ավելի լավ է հայտարարություն տան:
Տեսակետ կա, որ կատարվածը հիշեցնում է տարիներ առաջ Ալրաղացի Լյովիկի թիկնապահների կողմից անմեղ մարդու նկատմամբ կատարվածը: Այս ամենը անպատժելիության արդյո՞ւնք է:
Մեր բոլոր օլիգարխների թիկնապահները ոչ թե պաշտպանական գործառույթներ, այլ պատժիչ գործողություններ են իրականացնում, ավելի շատ հարձակողական բնույթի, և կապ չունի դա Սամվել Ալեքսանյանի՞, Ռուբեն Հայրապետյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի թիկնապահն է: Այս անգամվա պահվածքը միանշանակորեն տեղավորվում է այդ անպատժելիության մտածելակերպի շրջանակներում, որ ինչպես իրենց տերերն են անպատժելի և օրենքից բարձր, այնպես էլ իրենք են ընկալում, որ իրենք էլ են իրենց տերերի նման անպատժելի: Բազմիցս նման անպատժելիություն դրսևորումներ եղել են, և հիմա Ռուբեն Հայրապետյանը եթե անգամ հայտարարում է, որ ինքը հրաման չի տվել, կապ չունի, ի սկզբանե է նման հրահանգ նրանց տրված եղել: Հետաքրքիրն այն է, որ Ռուբեն Հայրապետյանն իր հայտարարության մեջ ասում է, որ եթե իմանային ՊՆ մայոր է, չէին անի, այսինքն՝ ստացվում է, որ եթե այլ քաղաքացիներ լինեին, ապա կարող էին, իրենք ընտրողաբա՞ր են մոտենում… Եվ այս տեսակետից նորից չեմ վստահում ոստիկանության հայտարարությանը, որ իրենք ամեն քայլ կանեն, որ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը պահպանվի, որովհետև ոստիկանությունը դեռևս ընտրություններին նախորդող ժամանակահատվածում հայտարարեց, որ շտաբ է ստեղծում, որ հանցագործողությունների դեմ կպայքարեն, բայց մենք տեսանք, որ ընտրակաշառքների հետ կապված զանգվածային բնույթի ահազանգեր եղան, իրենց օպերատիվ շտաբը կանխարգելող գործողությունների մասին որևէ հայտարարություն այդպես էլ չտարածեց: Այսինքն՝ անգործության էին մատնվել և ահազանգերին արձագանքում էին ընտրություններից մի քանի օր հետո, մեր ահազանգին առաջին անգամ մայիսի 11-ին անդրադարձան: Բացի այդ, տուժողներից մեկը ասում է, որ 15 հոգի են հարձակվողները եղել, այնինչ 7 հոգի են ձերբակալել, այդ դեպքում մնացած ինը ո՞ւր են… Հասարակությանը պատասխան տալու համար այս մարդկանց զոհաբերում են ժամանակավոր, և հույս չունեմ, թե իրականում բոլոր պատասխանատուները կքննվեն: Այստեղ ոչ թե իրավական մեխանիզմներն են աշխատում, այլ համաձայնությունները և պայմանավորվածությունները:
Ըստ Ձեզ, ինչո՞ւ որևէ կուսակցություն, նաև ընդդիմադիր կուսակցություն հայտարարությամբ հանդես չեկավ:
Սա վկայում է այն մասին, որ այդ խաղերն այնքան մեծ շրջանակ են ներգրավել, որ ընդդիմություն թե իշխանություն, բոլորովին աղճատվել է: Եթե նման բան լիներ մեկ տարի առաջ, անպայման կլիներ դատապարտող հայտարարություն, և քանի որ չկա այդ հայտարարությունը, սա խոսում է այդ ուժերի՝ օլիգարխիկ դաշտի հետ սերտաճվածության մասին: Ուրիշ բան չես կարող ենթադրել, որովհետև հիշո՞ւմ եք՝ Լևոն Զուրաբյանը ասում էր՝ ցույց տվեք մի որևէ փաստ, որ ԲՀԿ ընտրակաշառք է բաժանել. սա տիպիկ ոստիկանի արած հայտարարություն է, սա աչքակապության նման բան է, և բոլորը կամ վախենում են Ռուբեն Հարապետյանից, կամ նրա հետ համագործակցում են: Առաջին հերթին, իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեին ոչ թե ՀՀԿ-ի առանձին ներկայացուցիչներ, այլ ՀՀԿ-ն: Նույն Դաշնակցության ներկայացուցիչները, որոնք գրավով ազատեցին DIY ակումբը պայթեցնողներին, քաղաքական աջակցություն ցույց տալով աջակցեցին բռնության մշակույթին, և հիմա դուրս եկավ, բռնության մշակույթին դեմ դուրս գալն իրենց համար անակնկալ է, որովհետև сукин сын, но наш сукин сын տրամաբանությունը թույլ չի տալիս նրանց լիարժեք գնահատական տան: Նորից եմ կրկնում՝ սա Ազգային ժողովի պատգամավորի, ինչպես ինքն է ասում, ընտանեկան բիզնեսի անվտանգության ծառայողների կողմից կատարված հանցագործություն է, և նորմալ երկրներում նա պետք է հրաժարական տար, և քաղաքական կուսակցությունն էլ պետք է ձգտեր հեռու պահել իրենից, բայց այստեղ ձևական անտրամաբանական կերպով փորձում են քավության նոխազ դարձնեն այն մարդկանց, որոնց ի սկզբանե տվել են հրահանգ ինչպես պահել: Բժշկի վիճակը ծանրագույն ծանր է, նրա կյանքին ակնհայտ վտանգ է սպառնում, նման դեպքում քաղաքական գնահատական չտալով զբաղվում են սոփեստությամբ:
Իսկ քաղաքական ընդդիմությունը կատարվածին գնահատական չի տալիս, որովհետև կամ վախենում է Ռուբեն Հայրապետյանից, կամ իրենք էլ նրա հետ լավ ընկերություն են անում և չեն ուզում իրենց լավ հարաբերությունները փչացնել:
Բռնությունն իրապես արդեն չափ ու սահման չի ճանաչում, և սա երկար տարիների անպատժելիության մթնոլորտի հետևանք է: Բայց հանրային ընդվզումը կատարվածի նկատմամբ միահամուռ է և դատապարտող, և սա չի մարելու:
Ռուբեն Հայրապետյանը ներողություն չխնդրեց իր աշխատակիցների պահվածքի համար, թե՞ միայն օգուտի, շահույթի համար է միայն պատասխանատու…