Կլինեն արտոնյալներ, որոնք բուժզննումը չեն անցնի սահմանված կարգով. Արթուր Սաքունցը` զորակոչի մասին
12:09, January 8, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Մենք հիմքեր չունենք բացառելու, որ կլինեն մարդիկ, որոնք չեն զորակոչվի, հատկապես որոշակի արտոնյալ կարգավիճակ ունեցողները` պաշտոնատար անձանց երեխաները և որոշակի հովանավորություն ունեցողները»,- անդրադառնալով ձմեռային զորակոչի անցկացման կարգին` Newsbook-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ըստ իրավապաշտպանի, զորակոչի վիճակահանությամբ անցկացումը, թե ով որտեղ է գնալու ծառայության, երկրորդական հարց է. «Առաջնայինը բուժզննում է, որը որոշում է երիտասարդների ծառայության պիտանելիության հարցը, սակայն կան արտոնյալներ, որոնք այդ բուժզննումն անցնում են ոչ սահմանված կարգով»:
Փաստը, որ վիճակահանությունը կարող է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, Սաքունցը չի բացառում. «Վիճակահանությամբ ծառայության կարգի որոշումը կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերից մեկն է, բայց ես վիճակահանությանը չեմ մասնակցել և ականատես չեմ եղել, որպեսզի միանաշանակ եզրակացություն տամ»:
Սաքունցի հավաստմամբ` վիճակահանության կարգի անցկացման մեջ բավական չպարզված հարցեր կան. «Նախ երեք արկղ է, մեկը չի, այդ վիճակահանության մասնակիցների տարանջատման սկզբունքը հիմնավորված չէ, սրանք պատասխաններ չունեցող հարցեր են»,- հավելեց Սաքունցը: