Հաղորդում ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժին
00:00, February 29, 2008 | Հավաքների և միավորումների ազատությունՓետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված հանրահավաքը խոչընդոտելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցը դիմել է ՀՀ ոստիկանության բաժին:
Հարգելի պարոն Ա. Համբարյան
2008 թ. փետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում մեր կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ միևնույն անձանց խմբի կողմից բազմիցս փորձեր արվեցին խոչընդոտելու հանրահավաքի անցկացմանը:
Հանրահավաքին ներկա քաղաքացիների հավաստմամբ՝ անկարգություն անող քաղաքացիների խմբում էր Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի վարորդը:
Մեր բազմաթիվ ահազանգերին արձագանքելով՝ հանրահավաքին մասնակցող ոստիկանության աշխատակիցները կարողացան որոշ չափով սաստել այդ խմբի անդամների անօրինական գործողությունները: Սակայն խումբը շարունակեց ևս մի քանի անգամ գոռոցներով, անհարգալից արտահայտությունների բացականչմամբ խոչընդոտել հանրահավաքի խաղաղ ընթացքը, որը որոշ պահերին լարվածություն էր առաջացնում հանրահավաքի մասնակիցների մոտ:
Խմբի գործողությունների պարբերականությունը հիմք է տալիս կարծելու, որ նրանք գործում էին ծրագրավորված և նպատակ ունեին ոչ միայն խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը, այլև առաջացնել հրահրումներ ու առճակատումներ՝ հանրահավաքի մասնակիցների հետ:
Նման գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 163 հոդվածի հատկանիշներով ենթակա են քրեական պատասխանատվության:
Վերստին շնորհակալություն հայտնելով հանրահավաքին ներկա ոստիկաններին նրանց աշխատանքի համար, որը էական ներդրում եղավ հանրահավաքի խաղաղ անցկացման համար՝ միաժամանակ հայտնում եմ, որ համոզմունք էր ձևավորվում, որ խումբը այնուամենայնիվ իրեն զգում էր անպատիժ, այլապես մեկ անգամ զգուշացնելուց հետո նրանք չէին շարունակի իրենց անօրինական գործողությունները:
Սույնով դիմում եմ Ձեզ՝ բացահայտելու խմբի անձանց իսկությունը և քրեական պատասխանատվության ենթարկելու նրանց: Կարծում եմ, որ դրանով իրապես կնպաստեք իրավապահ մարմինների նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը քաղաքացիների կողմից:
Հարգանքներով՝ կազմակերպության նախագահ Ա. Սաքունց