Հայաստանի 13 քրեակատարողական հիմնարկներից 7-ը գերծանրաբեռնված են
07:01, September 2, 2013 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՔԿՀ-ներում 32 ք/մ-ում պետք է բնակեցվի 8 անձ, բայց 8-ի փոխարեն 12, 16, 20 հոգի է բնակվում: Եվրոպական մոտեցումներով՝ հորդորվում է 8 ք/մ տարածություն հատկացնել յուրաքանչյուր կալանավորի: Մինչդեռ չի պահպանվում անգամ օրենքով սահմանված չափը: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության չափը չի կարող պակաu լինել 4 ք/մ-ից` յուրաքանչյուր անձի համար:
«Այդ պայմաններում մենք իրավունք չունենք մարդկանց պահելու, դա օրենքով չնախատեսված պատիժ է, դա խոշտանգում է, անմարդկային վերաբերմունք: Այս մարդկանց պետք է անհապաղ ազատ արձակել: Պետք է այդ տարածքում պահել այնքան մարդ, որքան կարող են պահել, բայց ոչ ավել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նրա կարծիքով՝ կալանավայրերում խախտումները բազմաթիվ են՝ սկսած տեղեկատվության ազատության իրավունքից, մինչև տարածքի փոքրությամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ վատ վիճակը:
Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր Միքայել Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության անդամների մուտքը քրեակատարողական հիմնարկներ արգելված են: Ունեցած տեղեկությունները ստացել են կալանավորներից, որոնք, ըստ նրա, ամենաստույգն են: ««Նուբարաշենում», որ մեզ վերջին ագամ թույլ տվեցին, 2010 թվականն էր, բանտախցերում կային ավելի շատ մարդիկ, քան անկողիններ։ Նույնիսկ եթե լիներ այնքան մարդ, որքան անկողին կար՝ էլի գերբնակեցում կլիներ»,- ասաց Միքայել Դանիելյանը:
Ըստ նրա՝ գերծանրաբեռնվածությունն ամենամեծ խնդիրն է, մյուսը սննդի խնդիրն է, կալանավորներն ուտում են տնից ուղարկված սնունդը. «Այն սնունդը չէ, ինչ նորմալ մարդը կարող է ուտել, շատ լուրջ բժշկական խնդիրներ կան, դեղորայքի խնդիր կա, բժիշկների խնդիր կա»:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 4700-4800 կալանավոր կա: ՔԿՀ-ներում 2010-ին՝ 35, 2011-ին՝ 32, 2012-ին 28 մահվան դեպք է գրանցվել: Պատճառների թվում նշվում է գերբնակեցումը:
«ՔԿՀ-ներում գերրբեռնվածության պատճառներն առաջին հերթին խափանման միջոցի ընտրության հարցում քննչական մարմինների որոշումն է, խափանման միջոցներ շատ կան, բայց, որպես կանոն, օգտագործվում է կալանքը, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ դատական իշխանությունը դատական միջոցի ընտրության ժամանակ օբյեկտիվորեն չի գնահատում, թե արդյոք հիմնավոր է անձի նկատմամբ խափանման միջոցը կալանքն ընտրողը: Սովորաբար դա նոտարական վավերացման ձևով բավարարվում է»,- կարծում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ Արթուր Սաքունցը:
Նրա տվյալներով՝ դատարանը, որպես կանոն, պատիժ է սահմանում ազատազրկումը, իսկ թե ինչքանով է հիմնավոր մեղադրանքը… Նրա խոսքերով՝ ստացվում է, որ ինչքան մեղադրանք առաջադրվում է, դատարանը համարում է հիմնավոր, արդարացման դատավճիռները Հայաստանում շատ քիչ են: