Հայտարարություն ՀՀ զինվորական դատախազության հանձնաժողովում մասնակցությունը դադարեցնելու մասին
08:52, September 10, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը, որը կայացավ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ և հսկողությամբ, հայտարարում ենք, որ անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում:
Նախաքննության փուլում աղմկահարույց քրեական այս գործով ՊՆ քննչական ծառայության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ավելի է խորացնում, արդեն իսկ առկա, հանրության անվստահությունը ի պաշտոնե հսկողություն իրականացնող ՀՀ Զինվորական դատախազության նկատմամբ: Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործով ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի միակողմանի հրապարակային ելույթները վստահություն չեն ներշնչում ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերով քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրման համար:
Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ