ՀՀԿ ցուցակը մարդու իրավունքների խախտողների խումբ է. Ա. Սաքունց
06:07, March 20, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՀՀԿ նախընտրական ցուցակը մարդու իրավունքների խախտողների խումբ է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը`անդրադառնալով կուսակցությունների նախընտրական ցուցակներին: Նա նշեց, որ ՀՀԿ ցուցակում այն մարդիկ են, ովքեր պատասխանատվություն են կրում Հայաստանում մարդու իրավունքների վիճակի և խախտումների համար, նրանցից յուրաքանչյուրը այդպիսին է:
Ըստ Ա. Սաքունցի` եթե թիմերի և նրանց հնարավոր փոփոխությունների մասին խոսենք գալիք խորհրդարանում, պետք է գաղափար կազմենք, թե ինչ է արվել իրենց կողմից նախկինում: «Այս տեսակետից կարող ենք նշել, որ «Ժառանգությունը» շատ ակտիվ է եղել քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում: «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը շատ ակտիվ և արդյունավետ են աշխատել ԱԺ-ում, ուրեմն եթե «Ժառանգությունն» իր կազմով լինի նոր գումարման խորհրդարանում, նույն վարքագիծը կունենա, բայց ցուցակը բավական խառն է, ընդգրկված են նաև «Ազատ դեմոկրատները»»,- մեկնաբանեց նա`հավելելով, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները, որպես նախկին քաղբանտարկյալներ, խորհրդարանում հայտնվելու դեպքում իրենց առնչված խնդիրների ուղղությամբ կաշխատեն:
Նա նշեց, որ մի օրինաչափություն պետք է հաշվի առնել, որ քաղաքական շահերը միշտ գերազանցում են մարդու իրավունքների սկզբունքներին: Այդ պատճառով իրավապաշտպանը դժվարանում է ասել, թե ինչ քաղաքական իրավիճակ կստեղծվի ԱԺ-ում հարաբերությունների առումով, և արդյոք նրանք կկարողանան իրենց կողմնորոշումները պահպանել: «Ժառանգության» ներկայացուցիչները, լինելով ԱԺ-ում, ցույց են տվել հստակ դիրքորոշում, բայց հիմա կտեսնենք՝ ինչ կլինի հետագայում: Հույս է ներշնչում, որ եթե նրանք հայտնվեն խորհրդարանում, մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց կլինի»,- մեկնաբանեց Ա. Սաքունցը: