Հրայր Թովմասյան. «Մատաղիսի» գործը ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է դեմ գնալ նախաքննական մարմիններին»
08:10, December 28, 2012 | ՆորություններՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստանում է, որ առաջիկա չորս տարիները արդարադատության համակարգի համար արմատական են լինելու, ինչի արդյունքում համակարգը դառնալու է «այլ համակարգ»: Այսօր այդ մասին լրագրողների հետ «առանց փողկապի» հանդիպման ընթացքում ասաց նախարարը: Տարվա ամփոփիչ իր ասուլիսում նախարարն ասաց, որ նախագծերը կան եւ առաջիկայում կյանքի են կոչվելու:
Իսկ մինչ այդ, ամփոփելով արդեն կատարված դրական աշխատանքները, Հրայր Թովմասյանը «հեղափոխություն» անվանեց այն, որ այժմ իրավաբանական անձանց գրանցումը ընդամենը 5-7 րոպեում է կատարվում եւ առանց հավելյալ բարդությունների ու քաշքշուկների: «Եթե հաջողվի այս համակարգը առաջիկա տարիներին պրոյեկտել պետություն-իշխանություն մյուս համակարգերի վրա, ապա պետք է ասեմ, որ մարդ-պետություն, քաղաքացի-պետություն հարաբերությունների միանգամայն այլ պատկեր եք տեսնելու»,-ասաց բանախոսը:
Նախարարի գլխում ծագած և թղթին հանձնած հավակնոտ ծրագրերից է նաեւ համակարգում պետության կողմից մատուցվող ծառայությունների 80 տոկոս թվայնացումը, ինչը նույնպես քաղաքացիներին կազատի ավելորդ բյուրոկրատիայից, քաշքշուկներից:
Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ նոտարական համակարգում «0 տոկոս ստվերայնություն» կա, իսկ առաջին 8 ամիսների ընթացքում արդեն կա 18 տոկոս աճ՝ վճարված հարկերի տեսանկյունից. «Նոտարիատը պետք է լինի մեր տնտեսական հարաբերություններում գլխավոր կայունության էլեմենտներից մեկը: Հայեցակարգը պատրաստ է և եկող տարի, վստահ եմ, կունենանք ամբողջ օրենսդրությունը, ինչը նոր համակարգ կձևավորի»:
Խոսելով քրեակատարողական համակարգում փոփոխությունների մասին, նախարարն ասաց, սպասվելիք դրական տեղաշարժը բերելու է գալիք տարի շահագործման հանձնվելիք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը՝ 400 տեղով, ինչն իր հերթին լուծելու է ՔԿՀ-ների թեթեւացման, շենքային պայմանների բարելավման խնդիրները:
Նախարարն ասաց, որ ՔԿՀ-ներում դատապարտյալների շրջանում զբաղվածության տոկոսը բարձրանում է. 2011-ին 160 դատապարտյալ է աշխատանք ունեցել, իսկ 2012-ին՝ 310-ը, հաջորդ տարի այդ թիվը դառնալու է 500:
Դատաիրավական համակարգի «աքիլլեսյան գարշապարը», ըստ Հրայր Թովմասյանի, շարունակում է մնալ դատական իշխանությունը: Սակայն, վիճակն անհուսալի չէ եւ նախարարը այս ոլորտում էլ դրական տեղաշարժեր տեսնում է: Մասնավորաբար, «Մատաղիսի գործ»-ով արդարացման վճիռը: «Այս որոշումը ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է դեմ գնալ նախաքննական մարմիններին: Նման երևույթները պետք է լինեն և դառնալու են ապագա մեր դատական իշխանության ինչպիսիության խնդիրը», -ասաց Թովմասյանը: Արդարադատության նախարարը խոստացավ նաեւ առաջիկայի համար խստացնել դատավորին ներկայացվող պահանջները. «Բացի նրա տեսական գիտելիքներից, մենք պետք է այնպիսի մեխանիզմներ սահմանենք, որ պարզենք նրա մարդկային, նրա իրավիճակում կողմնորոշվելու, նրա արդարամիտ լինելու հանգամանքները: Դատական համակարգում առկա բարեփոխումների ինդիկատորը պետք է լինի հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացումը»: Ի դեպ, այդ չափորոշիչներն արդեն մշակվում են:
Արդարադատության համակարգում խնդիրների լուսաբանման ու դրանք հանրությանը ներկայացնելու համար մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ «Առավոտ» թերթի եւ Aravot.am կայքի խմբագրակազմը, շնորհակալագիր եւ դատապարտյալների ձեռքով պատրաստված հուշանվերներ ստացան:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/12/26/144909/